Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ այստեղ այս օրերին. Եվգենի Կիսին

16:09 • 30.09.12

Այնպես, ինչպես ինձ ընդունեցին Հայաստանում, ես նման ընդունելություն երբեք չեմ տեսել ոչ մի երկրում. «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում անցկացրած շաբաթն այսօր այսպես լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը:


«Ես լսել էի կովկասյան հյուրընկալության մասին, մասնավորապես Հայաստանի, բայց ես չէի սպասում այն, ինչին արժանացա այստեղ: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ իմ կյանքում այստեղ այս օրերին»,- ասաց նա:
Դաշնակահարն այնուհետև ներկայացրեց անցած շաբաթվա հանդիպումները և ստացած մի շարք մեդալները:


Նշենք, որ Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի ունեցած համերգից հետո, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում, Եվգենի Կիսինին հայանպաստ գործունեության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Պավո նշան» շքանշանով:


Երաժիշտը հատկապես տպավորված էր ի պատիվ նրա, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից կազմակերպված Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան այցելությունից:


«Հրաշալի ընդունելություն էր առաջին տիկնոջ կողմից՝ ոչ միայն ռեժիսոր, այլ հրաշալի նկարիչ Փարաջանովի տուն-թանգարանում: Ես զարմացած էի, թե ինչ անսահման կարող է լինել արվեստագետի երևակայությունը»,- ասաց նա:
Դաշնակահարը նշեց, որ ուրախ է, որ կարող է իր կարողության չափ ներդրումն ունենալ նրանց համար, ով դրա կարիքն ունի:


«Բնականաբար Հայաստանն ինձ համար այն վայրը չէ, որտեղ ես հնարավոր եմ համարում փող աշխատել: Դրա համար երկրագնդում շատ ավելի հարմար տեղեր կան»,– ասաց նա:


«Ես տեղյակ եմ, թե ինչ դժվարություններ է տեսել Հայաստանն այս տարիներին, ուստի անմիջապես որոշեցի, որ իմ համերգի հոնորարը կտրամադրեմ նրանց, ով դրա կարիքն ունի: Ուրախ եմ, որ այդ միջոցները կգնան «Նվիրիր կյանք» հիմնադրամին՝ ի նպաստ քաղցկեղով հիվանդ երեխաների: Օգնել քաղցկեղով հիվանդներին դա ինձ համար անձնական հարց է»,- ասաց դաշնակահարն ու պարզաբանեց, որ ընդամենը կես տարի առաջ նույն պատճառով ինքը կորցրել է հորը:


Եվգենի Կիսինը նաև խոսեց Սպիտակում ունեցած հանդիպումների տպավորություններից: «Ես երեկ հասցրեցի լինել Սպիտակ քաղաքում, որի պատվավոր քաղաքացին եմ: Ուրախ էի տեսնել Սպիտակի երաժշտական դպրոցի երեխաներին, ովքեր այն նոր սերունդն են, որ ծնվել են այդ զարհուրելի ողբերգությունից հետո»,- ասաց նա:


Կիսինը Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչման էր արժանացել ավերիչ երկրաշարժից հետո՝ շարունակական օգնություն ցուցաբերելու համար Սպիտակ քաղաքին:


Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչքանով հայտնի է, երաժշտը մանուկ ժամանակ չափազանց ամաչկոտ է եղել և ինչպես է կարողացել հաղթահարել այդ բարդույթը նման փառքի արժանանալու ճանապարհին:


«Կայքում ես ամաչկոտ էի, բայց երբեք երաժշտության մեջ, քանի որ մանկությունից պաշտում էի նվագել և երբ նվագում եմ, արդեն ամեն ինչ մոռանում եմ»,- պարզաբանեց նա և նշեց, որ առաջին մենահամերգն ունեցել է 11 տարեկանում:
Երաժիտը վերջում միայն մեկ բանի համար ափսոսանք հայտնեց, որ հայերն խոսել չգիտեր, բայց որ շնորհակալ բառից ավելի խորիմաստ բառ հայերն ունեն, դա նա հասցրել էր սովորել. «Ցավդ տանեմ»:


«Աշխարհում կան տեղեր, որտեղ շատ եմ ուզում լինել, բայց ուղղակի ինձ այդպիսի հնարավորություն չի ընձեռվել: Ես երազում էի լինել նաև Հայաստանում: Հաշվի առնելով այնպիսի բարդ ժամանակաները, որ ապրում էր հայ ժողովուրդը վերջին տարիներին, հասկանալի է, թե ինչու չկար այդ հրավերը: Ես վերջապես ստացա այդ հրավերը: Այժմ շատ երջանիկ եմ, որ իմ ցանկությունը, իմ երազանքը կատարվեց այն էլ ինչպես կատարվեց: Միայն մի բանի համար եմ ցավում, որ չգիտեմ հայոց լեզու»,- ասաց աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:


Նշենք, որ երաժշտին շնորհվել է Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում, Ֆ. Նանսենի հիմնադրամից «Գթության ասպետ» շքանշանի, Ակադեմիկոսի կոչում և «Բեթհովենի անվան» արծաթե մեդալ՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի կողմից: Ռուսաստանում բնակվող հայազգի երկրպագուների կողմից նրան հանձնվել է Ե. Կիսինի բրոնզե կիսանդրին:


Ասուլիսն Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր և բոլոր երաժշտասերների անունից շնորհակալություն հայտնեց դաշնակահարին՝ նշելով, որ Հայաստանում նրան շատ են սիրում և գնահատում, ուստի խնդրեց հաճախ գալ Հայաստան և կրկնել այն համերգային երեկոն, որին հայ հանդիսատեսը շատ էր սպասել:


Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Ռուսաստանում, հրեաների ընտանիքում։ Տասնյոթ տարեկանում նվագել է Հերբերտ Ֆոն Կարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի, նաև Վալերի Գերգիևի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։


Կիսինը ստացել է երկու «Գրեմի» մրցանակ 2000 և 2010 թթ.։ Նա արժանացել է երաժշտական ասպարեզի գրեթե բոլոր մրցանակներին և պարգևներին. Կարայանի մրցանակի դափնեկիր է, Շոստակովիչի և Միկելանելիի մրցանակների դափնեկիր, Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ է։