Սունդուկյանում տեղի կունենա ծնողազուրկ երեխաներին նվիրված համերգ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ ժամը 14:00–ին, Հայ օգնության միության (ՀՕՄ) նախաձեռնությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո տեղի կունենա ՀՕՄ-ի «Ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի տրամաբանական շրջափուլը՝ 20-ամյակը նշանավորող համերգ։
Ըստ ՀՕՄ–ի տարածած մամուլի հաղորդագրության՝ համերգի բացմանը կներկայացվի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ուղերձը, ողջույնի խոսք կասի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կներկայացվի նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը, ելույթով հանդես կգան Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, զոհված ազատամարտիկի զավակ Ասպրամ Թաթուլի Կրպեյանը:
Հրավիրյալ հանդիսատեսի շարքում զոհված ազատամարտիկների և երկկողմ ծնողազուրկ, ինչպես նաև այս օրերին Հայրենիքում ապաստան գտած սիրիահայ երեխաներն են:
Համերգն իր ներկայությամբ կպատվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
ՀՕՄ-ի «Ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին։ 20 տարի շարունակ 7428 երեխա՝ 1261 երկկողմանի ծնողազուրկ և 6152 զոհված ազատամարտիկների երեխաներ 4900 անհատ հովանավորներից աջակցություն են ստացել։
Քսան տարիների ընթացքում ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորների ջանքերով նշյալ ծրագրի շրջանակում Հայաստան է փոխանցվել 5 միլիոնից ավելի գումար։
Հայ օգնության միություն (ՀՕՄ) կանանց բարեսիրական հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1910 թվականին Նյու Յորքում (ԱՄՆ) ՝ որպես ՀՅԴ ուղեկից կառույց։ Ներկայում ՀՕՄ-ը միավորներ ունի 27 երկրում։










