Նյու Յորքում կբացվի Ջոն Լենոնի նկարների ցուցահանդեսը

12:31 • 02.10.12

Բրիտանական լեգենդար «Բիթլզ» խմբի հիմնադիր Ջոն Լենոնի քիչ հայտնի ստեղծագործական կողմի հետ հանրությանը կծանոթացնի «Ջոն Լենոնի գեղարվեստական ստեղծագործությունը» նկարների ցուցահանդեսը, որը կբացվի այս շաբաթ Նյու Յորքում, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, ցուցադրությունը նվիրված է հայտնի երաժշտի ծննդյան 72-ամյակին։

 

Կներկայացվի մոտավորապես 100 նկար, ծաղրանկարներ և կոմիքսներ, որոնք Լենոնը նկարել է 1964-1980թթ.։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից է նաև երգչի այրին՝ Յոկո Օնոն։ Աշխատանքների մի մասը նախկինում երբևէ չի ներկայացվել հանրությանը։

 

Ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 5-9-ը, Նյու Յորքի Open House պատկերասրահում։ Մուտքն անվճար է, սակայն նվիրատվությունները ողջունելի են։ Բոլոր հավաքված միջոցները կուղղվեն քաղաքի անօթևաններին և անապահով քաղաքացիներին տաք սննդով ապահովող բարեգործական կազմակերպությանը։