Ամոթ է պրոֆեսիոնալի խորհուրդը չլսելը. Շուշան Պետրոսյանը՝ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին
Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ԱԺ հայտարությունների ժամին հնչեցրած իր ելույթում խնդրեց Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքը բարեկարգելիս հաշվի առնել մասնագետների կարծիքը:
«Միշտ չէ, որ այն ինչ գույնզգույն է, պսպղուն ու մեծ՝ գեղեցիկ է: Երևանը փոքր է և ունեցել է իր գույնը, համն ու հոտը: Ամոթ է պրոֆեսիոնալի խորհուրդը չլսելը: Ես չգիտեմ` ո՞վ է Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի նորօրյա քանդակների հեղինակը՝ միտքը հրաշալի է, քանդակները` վատ»,- փաստերով խոսեց պատգամավորը:
Շուշան Պետրոսյանը նշեց, որ քաղաքապետարանն ունի գեղարվեստական խորհուրդ, որի անդամներն են պրոֆեսիոնալ նկարիչներ, ճարտարապետներ. «Ես տեղեկացված եմ, որ խորհուրդը չի ընդունել այդ երկու քանդակները, բայց միևնույնն է, դրանք տեղադրվել են քաղաքի կենտրոնում. այդպես չի՛ կարելի: Մենք հրաշալի քանդակագործներ ունենք՝ Կետիկ Բաղդասարյան, Յուրա Պետրոսյան, Օհան Պետրոսյան, Արա Շիրազ, Անդանիկ Բաղդասարյան, Աշոտ Բաղդասարյան և այլոք, սակայն քանդակի պատվերներ ստանում են միշտ նույն՝ մեկ-երկու քանդակագործները. դա անընդունելի է»,- ասաց նա:
ՀՀԿ պատգամավորը շեշտեց, որ Երևանում համաշխարհային մակարդակի հասնող այնպիսի բարձրարժեք արվեստի գործեր կան, որոնց կողքին այդ ցածրարժեք գործերը չպետք է դրվեն:
«Երևանում այնպիսի համաշխարահային մակարդակի բարձրարժեք արվեստի գործեր կան, ինչպիսիք են՝ Սասունցի Դավիթը, Թամանյանի արձանը, Մյասնիկյանի արձանը, և այս հրաշակերտ ստեղծագործությունների կողքին անհնար է պատկերացնել այդ ցածրարժեք աշխատանքները: Խնդրում եմ պատվիրատուներին, անկախ նրանից, թե բակեր են բարեկարգվում, ռեստորաններ են կառուցվում կամ արձան են պատվիրում, անպայման հաշվի նստել մասնագետների հետ, որովհետև Երևանը բոլորինս է»,- եզրափակեց իր ելույթը ԱԺ պատգամավորը:










