Ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Ընդհատված երգը» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 10-ին (տեսանյութ)

11:00 • 03.10.12

Հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող «Ընդհատված երգը» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության Մոսկվայի տանը։
 

Ըստ նկարահանող խմբի՝  ֆիլմը պատմում է 20 տարի առաջ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ծավալված գործողությունների մասին։
 

Ինչպես հայտնել է ֆիլմի մամուլի քարտուղար Կրիստինա Մարանդի-Նաչկեբիան,  պրեմիերային ներկա կլինեն հայկական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, ռուսական մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ։
 

Ֆիլմի հեղինակները Մոսկվայի հայեր են։ Կինոյի ռեժիսոր Արիկ Մանուկյանն ու պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը որոշել են կինոյի լեզվով պատմել հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության մասին։
 

 

Ինչ վերաբերում է ֆիլմի նկարահանման ձգձգումներին, ապա պատճառը, ըստ հեղինակների, սադրանքներն են, ինչի արդյունքում էլ ադրբեջանցի դերասանը հրաժարվել էր հետագա նկարահանումներից։
 

Չնայած դժվարություններին՝ ֆիլմի հեղինակները հավատարիմ են մնացել դրա գաղափարախոսությանը։
 

«Ընդհատված երգը» ֆիլմը նկարահանվել է բացառապես սեփական միջոցներով։ Նկարահանող խումբը հրաժարվել է արտաքին ֆինանսավորումից, քանի որ առաջարկված աջակցության դեպքում ցանկացել են փոխել ֆիլմի սյուժեն։
 

 

«Ֆիլմի հեղինակները հուսով են, որ այն կպատասխանի հայ-ադրբեջանական հակամարտության բարդությանն առնչվող որոշ հարցերի։ Հակամարտության բոլոր կողմերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ աջակցելու երկխոսությանը, որպեսզի դադարեցնեն արյունահեղությունը հետագա սերունդների համար»,- հայտարարում են հեղինակները։