Կիևում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված խոշոր միջոցառում է անցկացվել

10:03 • 03.10.12

Ուկրաինայում շարունակվում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Դրանցից մեկը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, մայրաքաղաք Կիևում, որի շրջանակներում կայացել է ուկրաինացի գիտնական, փիլիսոփա, հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրինա Գայուկի՝ հայկական մշակույթին նվիրված գրքի շնորհանդեսը, գրում է Analitika.at.ua-ն։

 

«Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» վերնագրով գրքի շնորհանդեսին ներկա են եղել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, ուկրաինացի քաղաքագետ, երկրի նախագահին առընթեր  Մարդասիրական խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին, ՀՀ պատվավոր հյուպատոս Արսեն Ասլանյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ու մի շարք այլ արվեստագետներ։

 

Առաջատար մասնագետների կարծիքով՝ այս եզակի գիտական աշխատանքն իրեն հավասարը չունի ոչ միայն հայրենական, այլ նաև արտասահմանյան պրակտիկայում։ Այն գրվել է ուկրաինական 44 պետական թանգարաններում եղած նյութերի հիման վրա։

 

Հոբելյանական միջոցառումները երկրում մեկնարկել են դեռ ապրիլի 6-ին՝ Սիմֆերոպոլ քաղաքում։ Այս մի քանի ամիսների ընթացքում տեղի է ունեցել հայկական գրքերի ցուցադրություն, բացի այդ, Կիևում անցկացվել է գրական երեկո, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն։

 

Հայ գրատպությունը սկզբնավորվել 1512թ.-ին՝ Վենետիկում, Հակոբ Մեղապարտի կողմից։ Դրանից 100 տարի անց Լվով քաղաքի հայազգի բնակիչ Յան Մուրատովիչը (Քարմատենց) ստեղծել է աշխարհում չորրորդ հայկական տպարանը։