Քաղաքականությունը վնասում է մարդկանց. Ջիվան Գասպարյանի հարցազրույցը՝ BBC-ին
BBC-ն անդրադարձել է «լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանի»՝ Լոնդոնի Barbican արվեստի կենտրոնում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած համերգին՝ նշելով, որ նրա անունն «անքակտելիորեն կապված է դուդուկի հետ»:
Աղբյուրը նկատում է, որ արդեն 10 տարի է շարունակվում է Գասպարյանի և իրանցի նշանավոր երաժիշտ Հոսեյն Ալիզադեի համագործակցությունը. Barbican-ում նրանք ելույթ էին ունեցել միասին: Նշվում է, որ հենց Գասպարյանի կատարումներն են զարդարել Ռիդլի Սքոթի «Գլադիատորը» ֆիլմը և որ 84-ամյա երաժիշտը շարունակում է ակտիվ համերգային գործունեությունը:
Լրագրող Մարկ Գրիգորյանի դիտարկմանը, թե Գասպարյանը ելույթ է ունենում ադրբեջանցի, թուրք և պարսիկ երաժիշտների հետ, երաժիշտը պատասխանել է, որ ինքը «խնդիր չունի»։
«Ես կարող եմ ելույթ ունենալ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ և այնպես եմ կատարում իրենց իսկ երաժշտությունը, որ իրենք էլ զարմանում են, թե օտարականն ինչպես է կարողանում այդպես նվագել... Սայաթ-Նովան ասել է. «Աստված սիրե, հոգի սիրե, յար սիրե»: Հենց այդպես պետք է ապրեն ազգերը», - ասել է Գասպարյանը:
Շարունակելով՝ երաժիշտը նկատել է. «Ինչո՞ւ ենք ձեռքներս զենք վերցնում, ինչո՞ւ ենք մարդկանց սպանում: Մենք սիրում ենք աշխարհը, սիրուն խոսքերը, երգ ու պարը, գինի խմելը»:
Գասպարյանն առանձին խոսել է իր և ադրբեջանցի երաժիշտների համագործակցության մասին՝ նկատելով, որ հիմա «տհաճ բաներ են տեղի ունենում», որ «ամենի պատճառը քաղաքականությունն է», որը «վնասում է մարդկանց»: «Մաֆիոզներն ապակողմնորոշում են դժբախտ ժողովուրդներին, միմյանց դեմ լարում, իսկ հետո մի կողմ են քաշվում և հարստանում են մարդկանց հաշվին», - նկատել է արվեստագետը:
Նա նաև առանձին միջադեպերի է անդրադարձել, թե, օրինակ, ինչպես է Լայոնել Ռիչին զարմացել, երբ ինքը նրա հետ ձայնագրվել է առանց փորձի: Խոսել է նաև դուդուկ նվագել սովորող իր անգլիացի աշակերտների մասին:
Գասպարյանն ինքն իրեն համեմատել է այնպիսի «առանձնահատուկ մարդկանց» հետ, ինչպիսիք են Ալբերտ Ազարյանը և Յուրի Վարդանյանը: «Իմ դուդուկով՝ այդ փոքրիկ գործիքով, ես կարողացել եմ աշխարհին բացատրել, թե ինչ է դուդուկը և մտցնել մարդկության պատմության մեջ: Դա շատ երկար ուղի է: Երկար ու բարդ», - եզրափակել է վարպետը:










