Ինչպես անցնել անձրևի տակով և չթրջվել. Լոնդոնում արվեստի բացառիկ գործ է ներկայացվել (լուսանկարներ, տեսանյութ)
Երբևէ մտածե՞լ եք՝ Մովսեսն ի՞նչ զգացողություն ուներ Կարմիր ծովի ջրերը ճեղքելիս. գրում է բրիտանական Guardian-ը՝ անդրադարձ ներկայացնելով Լոնդոնի Barbican արվեստի կենտրոնի նոր «ցուցանմուշի»՝ «Անձրևի սենյակ»-ի մասին:
Ինչպես հուշում է անվանումը, «Անձրևի սենյակ»-ը մի տարածք է (100 խմ), որտեղ մշտապես անձրև է «տեղում»: Սակայն արվեստի գործ հանդիսացող ինստալյացիան ոչ միայն սյուռ է, այլև բացառիկ. բանն այն է, որ հորդառատ անձրևի տակով անցնողներն անգամ մի թեթև չեն թրջվում:
«Անձրևի սենյակ»-ն անվանում են ժամանակակից արվեստի տեխնիկական նմուշ, ինչն էլ հենց բացատրում է հրաշք թվացող ֆենոմենը. սենսորները «որսում» են մարդկանց ներկայությունը, և ջուրն այնպես է բաշխվում, որ մարդկանց վրա ոչ մի կաթիլ ջուր չի ընկնում:
Գործի հեղինակը rAndom International ստուդիան է, որը ցուցանմուշի վրա աշխատել է 3 տարի: Թե ինչպես է մեկ րոպեում հազար լիտր անձրև գալիս, կարելի է տեսնել հոկտեմբերի 4-ից մինչև հաջորդ տարվա մարտի 3-ը:
Տեխնիկական պատճառներով տեսանյութը չի լինում դիտել Tert.am–ում և կարող եք այն դիտել YouTube-ում։










