«Բռնապետից» հետո. Սաշա Բարոն Քոենը կնկարահանի «Լեսբուհին» ֆիլմը
«Բռնապետը» կատակերգությունից հետո ֆիլմի հեղինակ, բրիտանացի արտիստ Սաշա Բարոն Քոենը հայտարարել է հերթական սկանդալային նախագծի մասին: Նա կնկարահանի «Լեսբուհի» ֆիլմը, որը հիմնված է իրական փաստերի վրա, հայտնում է Hollywood Reporter-ը:
Paramount Pictures-ի նկարահանելիք ֆիլմի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հոնգկոնգցի միլիարդատեր Սեսիլ Չաոն, ով 65 մլն դոլար էր խոստացել այն տղամարդուն, ով կկարողանա գայթակղել նրա լեսբուհի աղջկան և ամուսնանալ նրա հետ:
Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված հոնգկոնգցի 33-ամյա Ջիդի Չաոն նույն առիթով ասել էր, թե ապրում է ընկերուհու հետ, չի պատրաստվում փոխել սեռական կողմնորոշումը և հորից էլ նեղացած չէ:
Բարոն Քոենի «Բռնապետը»՝ Սադամ Հուսեյնի կենսագրության մոտիվներով, համաշխարհային վարձույթում 175 մլն դոլար էր հավաքել՝ 65 մլն դոլար բյուջեի դեպքում:
Մինչ ստուդիան նոր նախագծի սցենարիստ է փնտրում, էպատաժային Բարոն Քոենը զուգահեռ աշխատում է Բոնդի մասին կատակերգության վրա:










