Փոքրիկ երգիչները պատմում են իրենց ուսուցիչների մասին
Երգչուհի Լիդուշիկը իր բոլոր ուսուցիչներից առավել սիրում ու գնահատում է հատկապես առաջինին:
Թեև նա այսօր Լիդուշիկին չի դասավանդում, բայց վերջինս դասամիջոցներն օգտագործում է իր ուսուցչի մոտ վազելու ու նրան տեսնելու համար, Ուսուցիչների տոնի կապակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին պատմում է նա:
«Մենք մեր ուսուցիչների հետ հաճախ ընկերներ ենք լինում, երբ խնդրում եմ, որ բացակայեմ համերգների համար, նրանք թույլատրում են, բայց ասում են, որ մյուս դասին, անպայման, պատրաստ լինեմ: Ես հարգում եմ մեր ուսուցիչներին»,- ասաց նա:
«Ռազմիկ և ընկերներ» խմբի անդամ Ռազմիկը համբերություն և երկար տարիների կյանք մաղթեց բոլոր ուսուցիչներին իրենց ուսուցանելու համար:
Նույն խմբի անդամ Ստեփանը մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իր ուսուցիչներին խոստանում է այսուհետ միշտ ներկա լինել բոլոր դասերին:
«Ես կուզենայի, որ բոլոր ուսուցիչները ավելի հանդուրժող լինեն երեխաների նկատմամբ»,- ասաց նա:
Խմբի մյուս անդամ Դավիթն էլ ներողություն խնդրեց, երբեմն, ուսուցիչներին բարկացնելու և նրանց չլսելու համար:
«Մենք ձեզ միևնույնն է շատ ենք սիրում, անկախ ամեն ինչից»,-ասաց նա:










