Տիկնիկայինի փոխտնօրենը չգիտի՝ արդյո՞ք կցուցադրվի միասեռականների մասին ֆիլմը
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Գագիկ Ռոստոմյանը չի կարող ասել` հոկտեմբերի 15-ին և 16-ին` թատրոնի փոքր դահլիճում կցուցադրվի՞, թե ոչ, Parada ֆիլմը, որը ինչպես այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Տիգրան Քոչարյանը` «սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը»:
Tert.am–ի այս հարցը լսելով թատրոնի փոխտնօրեն Գագիկ Ռոստոմյանը խիստ զարմացավ և շտապեց իր կաբինետ` ծանոթանալու իրենց գրանցամատյանին:
Գագիկ Ռոստոմյանը հընթացս հասցրեց պատասխանել, որ, այո, թատրոնը վարձակալական հիմունքներով դահլիճ է տրամադրում տարբեր կազմակերպությունների, իսկ արդեն իր կաբինետից հաստատեց,որ նշված ժամանակահատվածում դահլիճը վարձակալության է տրվելու «միջազային ինչ–որ կազմակերպության»:
Ի պատասխան հարցի, թե իրենք նախապես ծանոթանո՞ւմ են այն բեմադրության կամ ֆիլմի սցենարի հետ, որը ցուցադրվելու է տիկնիկայինում, փոխտնօրենը նշեց` «եթե ներկայացում է , բան է, տենց իմանում ենք»:
Հարցին, որ եթե պարզվի, որ ֆիլմը իրոք այն մասին է, ինչի մասին նշել է Տիգրան Քոչարյանը, ապա արդյո՞ք թատրոնի ղեկավարությունը կվերանայի դահլիճը վարձով տալու որոշումը, տիկնիկայինի փոխտնօրենը չկարողացավ պատասխանել, քանի դեռ չէր կապվել տնօրենի հետ և պարզել` ինչն ինչոց է:
«Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ»,- մանրամասնել է Տիգրան Քոչարյանը և հավելել.«Արա, այ Գերմանիայի դեսպանատուն, լրիվ վատ ե՞ք։ Մանկական թատրոնում ուրիշ բան չկա ցույց տալու»:










