Գերմանացին 17 ժամ անընդմեջ կիթառ է նվագել (տեսանյութ)
Գերմանացի Թոմ Կուբլին 17 ժամ անընդմեջ կիթառային սոլո է կատարել` Գինեսի ռեկորդ սահմանելու համար, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով գերմանական «ԴՊԱ» գործակալությանը:
Որպես ռեկորդը սահմանելու ամենահարմար վայր ընտրվել է իսպանական Խիխոն քաղաքում գտնվող ստուդիան, որտեղ բացվել է «Ակտիվ ներկայություն» (Presencia activa) ժամանակակից արվեստի ցուցահանդեսը:
Կուբլին կիթառային առաջին ակորդները բռնել է ուրբաթ առավոտյան ժամը 10-ին, իսկ կիթառը ձեռքից վայր է դրել հաջորդ օրը գիշերվա ժամը 3-ին: Գերմանացի կիթառահարը նվագել է 17 ժամ, 21 րոպե և 2 վայրկյան:
Ռեկորդ սահմանելու համար հիմնական պայմանը եղել է այն, որ ցանկացած դադար չպետք է գերազանցեր 10 վայրկյանը: Գործողության ամբողջ ընթացքը համացանցով հեռարձակվել է միջոցառման կայքից:
Ռեկորդը փաստվել է Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցների կողմից, որոնք այդ ամբողջ ընթացքում ստուդիայում են եղել, սակայն ռեկորդը պաշտոնապես դեռ չի սահմանվել:
Ամեն դեպքում, Կուբլին ձեռնոց է նետել բոլոր երաժիշտներին, ովքեր կարծում են, թե կարող են գերազանցել նրա ռեկորդը:










