ՀՀ վարչապետը հանդիպել է Լրագրողների 6-րդ համաժողովի մասնակիցների հետ
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Աղավնաձորում ընթացող Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 2-րդ օրը մասնակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ըստ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ վարչապետը ողջունել է համաժողովի մասնակիցներին` կարևորելով ազդեցիկ ձայն ունեցող լրագրողների և խմբագրապետերի միասնականությունը, կառուցողական քննարկումներն ու գործնական զեկույցները:
«Նման հավաքները մենք պետք է խրախուսենք և այս գեղեցիկ ավանդույթը պետք է անպայման շարունակվի: Պատահական չեն ասում՝ ով կառավարում է վիրտուալ աշխարհը, կառավարում է իրական աշխարհը: Ինչը փաստում է, որ լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում»,– ասել է նա:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ նրանք, ովքեր կկարողանան մարդկանց ուղղորդել իրենց գաղափարներով, իրենց հոդվածներով, մեկնաբանություններով, նրանք էլ կկարողանան ուղղորդել և կառավարել ժամանակակից աշխարհը:
«Տեղեկատվական դաշտում պայքարը տարեցտարի ավելի սուր է դառնում, և պարտավոր ենք ձեզ հետ միասին ազգային կարևոր խնդիրները վեր հանել և համախմբված հանդես գալ, քանի որ մեր հակառակորդը, թշնամին բավական մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական դաշտում, տեղեկատվական պատերազմում հաղթելու համար: Օգտագործում է բոլոր միջոցները, այդ թվում նաև՝ անթույլատրելի»,– ընդգծել է նա:
Վարչապետը նշել է, որ միասնաբար պարտավոր ենք «մեր խոսքը և մեր ճշմարտությունը հասցնել բոլորին» և ավելացրել, որ լրագրողներն իրական չափազանց պատասխանատու ճակատում են աշխատում:
Ձեր արհեստավարժությունից, ձեր օպերատիվ աշխատանքից շատ բան է կախված: Դուք տեղեկատվություն տալիս եք ոչ միայն աշխարհին, այլ նաև՝ մեզ: Ձեր վերլուծություններով, քննադատությամբ բացահայտում եք այն խնդիրները, որոնք առկա են և ցույց եք տալիս այն ուղիները, որով մենք պետք է գնանք առաջ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հարցերին: Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են այն հիմնական ռազմավարական սկզբունքները, որոնք, նրա խոսքով, պետք է առաջնահերթ լինեն յուրաքանչյուր հայ լրատվամիջոցի գործելակերպում` դառնալով Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը հավաստիորեն ներկայացնելու կարևոր գործոն:
Սփյուռքից ժամանած հյուրերը Տիգրան Սարգսյանին դիմել են նաև հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքին վերաբերող իրենց հուզող հարցերով:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնել են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի համատեղ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության «Հայկական լրատվամիջոց» անվանակարգի մրցույթի մրցանակները:
Տարբեր անվանակարգերում գլխավոր մրցանակի են արժանացել «Մարմարա» քաղաքական ու հասարակական օրաթերթը (Թուրքիա), «Ալիք» օրաթերթը (Իրան), «Զարթօնք» պաշտոնաթերթը (Լիբանան), «Գանձասար» շաբաթաթերթը (Սիրիա), Արգենտինայի «Սարտարապատ» և «Արմենիա» շաբաթաթերթերը, «Հորիզոն» շաբաթաթերթը (Կանադա), «Հայրենիք» շաբաթաթերթը (Իսպանիա), «Խոսնակ» պաշտոնաթերթը (Լիբանան), «Արագած» ամսաթերթը (Ուկրաինա), Աբխազիայի «Համշեն» գրական-լուսավորական երկշաբաթաթերթը, Ռուսաստանի «Նաիրի վ Կալինինգրադե» (Наири в Калининграде) և «Դոնի Նախիջևան» (Нахичеван-на-Дону) ամսաթերթերը, «Թորոնթոհայ» ամսաթերթը (Կանադա):
Տրվել են նաև խրախուսական մրցանակներ:










