Թուրքիան Վանի Վարագավանքը կվերանորոգի և թանգարանի կվերածի
Թուրքիայի Վանի նահանգի ղեկավարը որոշել է վերանորոգել Վարագավանքը. տեղեկացնում է «Ակօս»-ը։
Պարբերականի աղբյուրների հավաստմամբ՝ նահանգապետարանն արդեն պատրաստել է վանքի վերակառուցման նախագիծը, իսկ Մշակույթի և Զբոսաշրջության նախարարությունը հաստատել է բյուջեն։
Նահանգապետարանի պաշտոնյաները վանական համալիրի վերջնական ուսումնասիրությունից հետո պատրաստվում են կապվել Ալթայլը ընտանիքի հետ, որը եկեղեցու սեփականատերն է համարվում և սկսել բանակցություններ վարել նրանց հետ։
Եթե ամեն ինչ այս կերպ ընթանա՝ Վարագավանքի վանական համալիրը Աղթամարի սուրբ խաչ եկեղեցու նման կվերածվի թանգարանի և կմնա Թուրքիայի մշակույթի նախարարության ենթակայության տակ։
Հիշեցնենք, որ վերջերս վանական համալիրի շուրջ Թուրքիայում աղմուկ էր բարձրացել։ Պարզվել էր, որ փլուզման վտանգի առաջ հայտնված եկեղեցին վերանորոգել հնարավոր չէ, քանի որ այն մասնավոր սեփականություն է համարվում և պատկանում է Haberturk-ի խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին։
Վերջինիս դեմ բազմաթիվ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, ինչից հետո նա համաձայնել էր համայնքին կամ նախարարությանը վերադարձնել եկեղեցին։










