Compass band խմբի հիմնական կազմը համապատասխանում է մրցույթի կանոններին. Գոհար Գասպարյան

19:48 • 08.10.12

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթի Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի հիմնական կազմն իր «Sweetie baby» երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք մրցույթին: Նման պնդումով հաղորդագրություն է տարածել Եվրատեսիլ նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը: Նա նշել է, որ քննարկման առարկա դարձած 9-ամյա Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում: Նա նշել է, որ խնդրի մասին տեղեկացվել է Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիտցե Բեքերին, վերջինս էլ նշել է, որ խմբի հիմնական կազմը համապատասխանում է մրցույթի կանոններին:


«Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ի կազմը բաղկացած է 4 հոգուց. Դավիթ Պարոնիկյան՝ 13 տարեկան, Արշավիր Գրիգորյան՝ 13 տարեկան, Արամ Ծատուրյան՝ 13 տարեկան և Աբրահամ Ազնաուրյան՝ 13 տարեկան: Մրցույթի եզրափակիչ փուլում Compass band-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, որի 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին»,-նշել է Գոհար Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում Compass band-ի «Sweetie baby» երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: