Շվեդիայում բացվում է Նոբելյան 111-րդ շաբաթը
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի մրցանակակիրների անունների հայտարարմամբ Շվեդիայում այսօր կբացվի Նոբելյան 111-րդ շաբաթը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
Առաջիկա օրերին հայտնի կդառնան այլ անվանակարգերի մրցանակակիրները։ Վաղը Ստոկհոլմում կհայտարարվի Նոբելյան կոմիտեի ֆիզիկայի, հոկտեմբերի 10-ին՝ քիմիայի ոլորտների հաղթողնրի անունները։ Հոկտեմբերի 12-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության մրցանակակիրը։
Շվեդիայի բանկի կողմից 1968թ.-ին հիմնված «Նոբելի հիշատակին նվիրված տնտեսական մրցանակ»-ի հաղթողը կորոշվի հոկտեմբերի 15-ին։ Շվեդական ակադեմիան, որի Նոբելյան կոմիտեն որոշում է գրականության ոլորտի հաղթողին, դեռ ամսաթիվ չի հայտարարել, սակայն, ավանդույթի համաձայն, դա կլինի հոկտեմբերի հինգշաբթի օրերից մեկի ժամանակ։
Իր կտակում Ալֆրեդ Նոբելը ֆիզիոլոգիայի և բժշկության դափնեկրի ընտրությունը հանձնարարել էր Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտին, որը հիմնադրվել է 1810թ.-ին և համարվում է աշխարհի առաջատար կրթական ու գիտական բժշկական կենտրոններից մեկը։ Դրա ներքո գործող Նոբելյան կոմիտեն բաղկացած է 5 մշտական անդամից, որոնք իրենց հերթին իրավունք ունեն փորձագետներ հրավիրել խորհրդակցությունների համար։










