Մարսագնացը Երկրին բնորոշ քիմիական բաղադրությամբ քար է հայտնաբերել
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության՝ ՆԱՍԱ-ի գիտնականները, ընտրելով այն ժայռաբեկորը, որի վրա Curiosity մարսագնացը պետք է փորձարկեր իր հզոր լազերը, ակնկալում էին, որ այն կունենա նույն քիմիական բաղադրությունը, ինչ Կարմիր մոլորակի այլ հատվածների ժայռաբեկորները, գրում է YahooNews-ը։
Սակայն գիտնականներն ուղղակի ապշել են՝ տեսնելով, որ Մարսի վրա գտնվող ժայռաբեկորի քիմիական բաղադրությունը նման է Երկիր մոլորակի որևէ քարի բաղադրությանը։
Նմանատիպ բաղադրությամբ քարեր հանդիպում են Հավայան կղզիներում և Սուրբ Հեղինե կղզում։
«Պետք է խոստովանեմ, որ դա մեզ համար իսկական անակնկալ էր։ Մեր գտած քարը հրաբխային ծագում ունի, քանի որ առաջացել է հալած նյութից։ Սակայն սա միանգամայն նոր քարի տեսակ է, որին մենք պատահական ենք հանդիպել Մարսի վրա»,-նշել է գիտնական Ռալֆ Ջելերթը։
Հիշեցնենք, որ Curiosity-ն Մարսի վրա վայրէջք էր կատարել 2 ամիս առաջ և դրա հիմնական առաքելությունն է պարզել՝ Կարմիր մոլորակի վրա կյանքի համար բարենպաստ պայմաններ կան, թե ոչ։
Մեքենայի մեծությամբ մարսագնացը վայրէջք է կատարել հսկայական Գեյլ հրաբխային խառնարանի մոտ։ Ընդհանուր առմամբ Curiosity-ն 2.5 մլրդ դոլար արժողությամբ առաքելություն է, որն ամենակարևորներից է տիեզերագնացության պատմության մեջ։










