Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Մակրոնի նստավայրի մոտ
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Մակրոնի նստավայրի մոտ: ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Alliance Police արհմիության ներկայացուցիչ Ժյուլիեն Շենարդին։
«Այսօր մեր գործընկերները փողոցներում բախվում են բռնության, ստիպված են աշխատել հանրահավաքների ժամանակ, նրանց անընդհատ ծառայության են կանչում, և մենք պահանջում ենք վտանգավոր պայմաններում աշխատանքի համար հավելավճարի բարձրացում»,- նշել է Շենարդին։
Արհմիության դրոշներով մի քանի տասնյակ մարդ դուրս է եկել Բովո հրապարակ, որտեղ գտնվում են ՆԳՆ շենքը և Ելիսեյան պալատը։ Ֆրանսիայի նախագահի նստավայրի շքամուտք տանող ճանապարհը ցուցարարները փակել են վրաններով, որոնցում տեղավորվել են նրանցից ոմանք։ Ակցիայի մասնակիցները ՏԱՍՍ-ի հետ զրույցում ընդգծել են, որ ամբողջությամբ չեն արգելափակում Ելիսեյան պալատը, սակայն այդ կերպ ցանկանում են ցույց տալ իրենց վճռական տրամադրվածությունը և իրենց պահանջներից չհրաժարվելու ցանկությունը։
«Փարիզի ծայրամասում ցույցը ոչ ոքի հետաքրքիր չէ, մենք ուզում ենք, որ մեզ լսեն», - ասել է նրանցից մեկը։
Նաև մի խումբ ոստիկաններ պարզել են հսկայական պաստառ՝ Թեմիսի պատկերով, որը ձեռքին պահում է քարե բլոկներով կշեռք։ Կշեռքի մի նժարին երեք բլոկ է՝ «Ռիսկեր», «Զսպող գործոններ» և «Պարտավորություն» գրություններով, իսկ մյուսին՝ նկատելիորեն ավելի փոքր չափսի քար՝ «Աշխատավարձի վերանայում» գրությամբ։ Հավաքվածները մեծ քանակությամբ կարմիր և կապույտ ծխարձակիչներ են վառել, երգել են հանրապետության օրհներգը և վանկարկել՝ «Ռիսկի համար հավելավճարը՝ մինչև 35%»։











