Չինական տրիոնիքս կրիան «միզում» է բերանով
Գիտնականներին միշտ էլ հետաքրքրել է հեռավորարևելյան կամ չինական տրիոնիքս ջրային կրիայի հետ կապված մի առանձնահատկություն՝ ինչու են անգամ ցամաքում այդ կրիաները գտնում որևէ ջրափոս, գլուխը մտցնում մեջը և բառացիորեն ողողում իրենց բերանը:
Այժմ պարզվել է, որ Ասիայում լայն տարածում ունեցող այդ կրիան իրականում «շնչում» է ջրի տակ, ինչն այդ սողունին անհրաժեշտ է օրգանիզմից միզանյութը դուրս հանելու համար (դրանից հետո ջրում թթվածինը կրճատվում է, իսկ միզանյութը՝ շատանում): Դա այդ տեսակի համար նման գործողության հիմնական ուղին է, Experimental Biology-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն են արել Սինգապուրի Ազգային համալսարանի կենսաբանները:
Լաբորատոր պայմաններում այս կրիային ուսումնասիրած գիտնականները հայտնել են, որ նա իր միզանյութի միայն 6 տոկոսն է դուրս մղում «ավանդական ճանապարհով»:
Պարզվել է նաև, որ միզարտադրության համար անհրաժեշտ սպիտակուցներն այս կենդանատեսակի դեպքում առկա են բերանի խոռոչում, իսկ երիկամներում գրեթե բացակայում են:










