Samsung Galaxy Nexus սմարթֆոնների վաճառքն ԱՄՆ-ում կրկին թույլատրվել է
Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել երկրում Samsung կորպորացիայի Galaxy Nexus հեռախոսների վաճառքն արգելող որոշումը, ինչը ևս մեկ հարված է Apple-ին 2 հեղինակավոր ընկերությունների միջև մրցակցային պայքարում, հայտնում է BBC-ն։
Դատական որոշման մեջ ասվում է, որ հունիսին Կալիֆոռնիա նահանգի դատարանը չարաշահել է իր լիազորությունները նման արգելք դնելիս։
Այս ամսվա սկզբին հանվել է արգելքը նաև ԱՄՆ-ում Samsung Galaxy Tab 10.1 պլանշետային համակարգիչների վաճառքի վրայից։
Apple և Samsung ընկերությունները դատական քաշքշուկների մեջ են իրենց սարքավորումներին տրված արտոնագրերի պատճառով։
Samsung-ը ողջունել է վերաքննիչ դատարանի որոշումը։ Համաձայն ընկերության հայտարարության՝ այն հաստատում է, որ արտոնագրի իրավունքի դերը նրանում է, որ պաշտպանի նորարարական որոշումները, այլ ոչ անհիմն ճնշի մրցակցությունը և սահմանափակի սպառողների ընտրությունը։










