Սննդակարգում մրգերը և բանջարեղենը լավատեսական աշխարհընկալման են հանգեցնում
Մարդու սննդակարգը ուղղակիորեն ազդում է նրա տրամադրության վրա, պնդում են մասնագետները:
Բրիտանացի գիտնականների կատարած ուսումնասիրության համաձայն, բանջարեղեն և մրգեր նախընտրողները բավարարված են լինում իրենց կյանքից, երջանիկ են լինում և խնդիրներ չեն ունենում հոգեկան առողջության հետ, հաղորդում է meddaily.ru-ն` հղում կատարելով WebMD-ին:
Նման արդյունք է ստացվել 80 հազար բրիտանացիների սննդակարգի հետ կատարված հետազոտության հիման վրա:
Պարզվել է, որ որքան ավելի մրգեր և բանջարեղեն է կերել մարդը, այնքան ավելի լավ է իրեն զգացել:
«Ամենաերջանիկն են եղել մարդիկ, որոնք 7-ական չափաբաժին են կերել», - ասում է բրիտանական Վարվիկ բժշկական դպրոցի գիտնական Սարա Սթյուարտ-Բրաունը:
Որպես մեկ չափաբաժին գիտնականները ընդունել են մոտ 85 գրամը: Նշենք, որ մեկ ոչ մեծ խնձորը, օրինակ՝ մոտ 140 գրամ է:
Գիտնականներին չի հետաքրքրել օգտագործվող մրգի կամ բանջարեղենի տեսակը:
Նրանք չեն պնդում, որ մրգի և բանջարեղենի օգտագործումը միանշանակ կբարելավի կյանքի որակը: Հնարավոր է, որ երջանիկ մարդիկ ի սկզբանե օգտակար սնունդ են օգտագործում:
Բրիտանացի բժիշկների խումբը դեռ չի կարողացել պարզել օգտագործվող մթերքի՝ կյանքի որակի վրա ազդեցության մեխանիզմը։
Սակայն շատ դիետաբաններ բազմիցս նշել են, որ առողջ սննդակարգի առկայությունը բարելավում է հիվանդի տրամադրությունը:










