Մեքսիկայի առողջապահության նախարարը կարծում է, որ իր երկրի բնակիչները կարող են ապրել մինչև 200 տարի
Մեքսիկայի բնակիչները մինչև 2040թ. տեսականորեն կարող են ավելացնել իրենց կյանքի տևողությունը մինչև 150-200 տարի։ korrespondent.net-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել երկրի առողջապահության նախարար Սալոմոն Չերտորիվսկին։
«Եթե մեզ հաջողվի արդյունավետ համախմբել և օգտագործել բժշկության վերջին ձեռքբերումները, ապա կարելի է խոսել այն մասին, որ 2040թ. մենք կարող ենք ավելացնել մեր կյանքի տևողությունը մինչև 150-200 տարի»,- նախարարի խոսքերը մեջբերել են մեքսիկական ԶԼՄ-ները։
Խոսքն այնպիսի բժշկական ձեռքբերումների մասին է, ինչպիսին են հեռուստաբժշկությունը, բժշկական ռոբոտային տեխնիկայի և ժամանակակից վիրահատական սարքավորումների օգտագործումը, որոնք թույլ են տալիս վիրահատություններ իրականացնել առավել մեծ ճշգրտությամբ և նույնիսկ հեռավորության վրա։
Չերտորիվսկին նշել է նաև, որ հատուկ ուշադրություն է պետք հատկացնել քրոնիկ հիվանդություններին և ալկոհոլիզմի ու նիկոտինային կախվածության դեմ պայքարին։










