Microsoft-ը, Samsung-ը և Apple-ը նոր արտադրանքի գովազդի վրա 5 մլրդ դոլար կծախսեն

22:21 • 15.10.12

Գնորդների սրտի և դրամական միջոցների համար պայքարը սկսվում է արդեն առաջիկա շաբաթավերջին: Microsoft կորպորացիան մոտ 1,5 դլրդ դոլար է հատկացրել Windows 8 օպերացիոն համակարգի թողարկման համար, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Guardian-ին:


Միևնույն ժամանակ, բացի Բիլ Գեյթսի հիմնադրած կորպորացիայից, Apple և Samsung ընկերությունները ևս հզոր գովազդային արշավ են նախապատրաստում: Երեք ընկերությունների կողմից արտադրանքի «առաջխաղացման» վրա կատարվելիք ընդհանուր ծախսերը կկազմեն 5 մլրդ ԱՄՆ դոլար:


«Այն թափը, որով Microsoft կորպորացիան պատրաստվում է հաղորդել գովազդային արշավին, չի զիջում նույնիսկ նախագահական ընտրությունների նախապատրաստմանը», - նշում է վերլուծաբան Ռոբերտ Էնդերլեն:


Մասնագետների հաշվարկներով, նոր ծրագրային հենքի գովազդի վրա Microsoft-ը երեք անգամ ավել կծախսի, քան երկու տարի առաջ ծախսվեց Windows Phone 7-ի առաջխաղացման համար:


«Windows 8-ի գովազդի համար 1,5 մլրդ ծախսը, տպավորիչ է հնչում, սակայն գովազդի շուկայում Apple-ի և Samsung-ի նման ընկերությունների հետ մրցակցության պայմաններում գումարը միանgամայն արդարացված է», - նշում է Enders Analysis վերլուծական կենտրոնի փորձագետ Բենեդիկտ Էվանսը:


Apple ընկերությունը իր` առանց այդ էլ մեծ մասսայականություն վայելող արտադրանքի գովազդի վրա ծախսել է մոտ 933 մլն ԱՄՆ դոլար:


Samsung ընկերությունը, չնայած իր մրցակցի` «Էպպլ»-ի հետ դատական խնդիրներին, 2,7 մլրդ դոլար է հատկացրել Galaxy շարքի արտադրանքի առաջխաղացման համար: Պետք է նշել, որ Samsung-ը Apple-ին պետք է 1 մլրդ դոլար փոխհատուցում վճարի արտոնագրային խախտումների համար:


Միայն 2011թ. Microsoft  կորպորացիան, Samsung-ը, Nokia-ն, Google-ը, Apple-ը և Sony-ն գովազդի վրա ծախսել են ավելի քան 15 մլրդ ԱՄՆ դոլար:

 

Microsoft-ը, Samsung-ը և Apple-ը նոր արտադրանքի գովազդի վրա 5 մլրդ դոլար կծախսեն