Google Play-ում կներդրվի հակավիրուսային ծառայություն
Google ընկերությունը, կարծես, պատրաստվում է զբաղվել Google Play-ի տարածք ներխուժող վնասատու ծրագրային ապահովման դեմ պայքարով, հայտնում է habrahabr.ru-ն։
Google Play-ում կներդրվի հակավիրուսային ծառայություն, որը բաղկացած է երկու մասից։ Առաջինը՝ App Check-ը, թույլ է տալիս Google-ին ստուգել օգտատերերի կողմից արդեն իսկ ներբեռնված հավելվածների նիշքերը (ֆայլ)։ Երկրորդ մասը ստուգում է ներբեռնող APK-ը՝ զգուշացնելով վտանգի մասին։ Բացի այդ, հավելվածները կարելի է ստուգել Verify apps? կոճակի օգնությամբ։ Օգտատերը, վստահ լինելով այս կամ այն հավելվածի անվտանգության հարցում, կարող է այն ընդգրկել վստահելիների շարքը, և Google Play-ի հակավիրուսային ծրագիրն այն այլևս չի ստուգի։
Ամենայն հավանականությամբ, նոր ծառայությունը հիմնված է Google-ի կողմից գնված VirusTotal ծառայության վրա։










