Ամերիկացի գիտնականներն 8 դոլարի միջոցով բացահայտել են երջանկության բանաձևը
Մարդիկ ավելի երջանիկ են, եթե եսասեր են, գրում է newsru.ru-ն՝ վկայակոչելով ամերիկացի հոգեբաններին, որոնք նման եզրահանգման են եկել՝ գումարի օգնությամբ անցկացված փորձի հիման վրա։ Գիտնականները բացահայտել են, որ երջանկության բանաձևը սեփական շահերը հետապնդելու հնարավորությունն է՝ միևնույն ժամանակ չունենալով մեղքի զգացում։
ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում անցկացված փորձին մասնակցել է 216 մարդ, հայտնում է Live Science-ը։ Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 3-ական դոլար։ Առաջին խմբին ասվել է, որ այդ գումարը պետք է փոխանցել բարեգործական նպատակներով, իսկ երկրորդ խմբին՝ գումարը ծախսել իրենց վրա՝ ազատելով նրանց ուրիշների և սեփական շահերի միջև դժվար ընտրությունից։ Իսկ երրորդ խմբին առաջարկվել է գումարը ծախսել սեփական հայեցողությամբ։
Պարզվել է, որ տրամադրված գումարն ամենից շատ երջանկացրել է երկրորդ խմբի մասնակիցներին, քանի որ նրանք գումարը ծախսել են միայն իրենց վրա՝ չունենալով մեղքի զգացում։
Փորձի արդարության համար գիտնականները որոշել են անցկացնել ևս մեկը։ Մասնակիցներին կրկին բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբին առաջարկվել է ընտրել 5 դոլարի նվեր-վկայական կամ նույն գումարը ծախսել բարեգործության համար։ Երկրորդ խմբին տրվել է 5 դոլարին համարժեք Starbucks-ում կամ որևէ այլ սրճարանում սնվելու հնարավորություն։ Մնացած մասնակիցները ստիպված էին որոշել երկու բարեգործական կազմակերպություններից որին հատկացնել գումարը։
Այս փորձը ևս հաստատել է նախորդ փորձի արդյունքները։
Չնայած մասնակիցներին երջանկացրել էր սեփական և ուրիշների շահերի միջև ընտրության բացակայությունը՝ նրանք ամեն դեպքում ընդգծել են, որ իրենց համար ընտրությունը կարևորագույն արժեք է, հայտնում է հոգեբան Ջոնաթան Բերմանը Psychological Science ամսագրում հրապարակված արդյունքներում։
«Հաճախ մարդիկ իսկապես ցանկանում են իրենց եսասերի պես պահել, սակայն չեն պահում, քանի որ չեն ցանկանում եսասեր դառնալ»,- հավելել է Բերմանը։










