Վարդանանց պատմությունը՝ ամերիկյան գրաֆիկական վեպի տեսքով. Չիկագոյից Հոլիվուդ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկել է Ռոջեր Կուպելյանի «Ռազմի աստվածներ» և «Բյուզանդիայից արևելք» գրաֆիկական վեպերի շրջիկ շնորհանդեսը, հայտնում է Armenian Weekly-ն:
Շնորհանդեսները շարունակվելու են նաև Տորոնտոյում («Նուռ» կինոփառատոնի շրջանակներում), ապա Գլենդեյլում և Հոլիվուդում:
Կուպելյանն իր վեպերում ի մի է բերում Սբ. Վարդան Մամիկոնյանի, վարդանանց և նրա դուստրերի հավերժական հերոսության ու ինքնազոհության պատմությունը, որն Ավարայրի ճակատամարտից դեպի նոր կյանք ուղղորդեց, գրում է աղբյուրը:
Կուպելյանը գրող է, նկարիչ, ռեժիսոր, թվային էֆեկտների մասնագետ, մուլտիպլիկատոր: Ծնվել է Լիբանանում, հասակ առել Աֆրիկայում՝ Սիերա Լեոնեում, իսկ այժմ աշխատում է Հոլիվուդում. աշխատել է «Մատանիների տիրակալը», «Ալիսը հրաշքների աշխարհում», «Կարիբյան ծովահենները» և այլ նախագծերի վրա:
1994-ին ֆիլմ է նկարահանել նաև Արցախում՝ «Լեռների մթին անտառը», որը մրցանակների է արժանացել: Նկարազարդել է ամերիկացի երաժիշտ Սերժ Թանկյանի բանաստեղծական երկը, նկարահանել Թանկյանի և System of a Down-ի տեսահոլովակները:
Ի դեպ, «Ռազմի աստվածների» առիթով Թանկյանն ասել է, թե «դա Ռոջեր Կուպելյանի արվեստի և պատմություններ ներկայացնելու ունակության ապշեցուցիչ դրսևորումն է: Դա ասես հայոց գունեղ պատմությունից հառնած շարժապատկեր լինի»:
Հայկական թեմատիկայով իր աշխատանքների համար ինքը՝ Կուպելյանը, բնաբան է ընտրել հետևյալ խոսքը. «Արժե պայքարել այն բանի համար, ինչ մեզնից ներկայացնում ենք»:










