Միշել Լեգրանը Երևանում է, Հայաստանը՝ նրա սրտում (լուսանկարներ)

17:29 • 19.10.12

Երևանում է աշխարհահռչակ երգահան Միշել Լեգրանը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր իսկ հոբելյանին նվիրված համերգին մասնակցելու համար: Նրան ուղեկցում է կինը, որը տավղահարուհի է:

 

Փորձերից հետո մաեստրո Լեգրանը հանդիպեց լրագրողներին և պատասխանեց նրանց հարցերին:

 

Ֆրանսիացի հոր և հայուհի մոր զավակ՝ 80-ամյա Լեգրանն ասաց, որ տարիքը չի համարում իրեն զարդարող հանգամանք: Սակայն միաժամանակ նկատեց, որ չէր ցանկանա վերստին ապրել իր կյանքի որևէ շրջան՝ դա բացատրելով նրանով, որ կախվածություն չունի անցյալից:

Այն դիտարկմանը, թե ունի գրեթե ամեն ինչ, նա ասաց, որ փառքի դափնիներն ու պարգևներն ընդամենը «շաքարի կտորներ են, որ տրվում են մեզ», իսկ շաքարի բոլոր կտորներն ունենալ հնարավոր չէ:

 

 Լեգրանը հայ և միջազգային հանդիսատեսին ավելի քաջածանոթ է «Շերբուրյան հովանոցները» և «Թեհրան - 43» ֆիլմերի համար գրված երաժշտությամբ, չնայած հեղինակել է 250-ից ավելի սաունդթրեքեր՝ ամենատարբեր ու նշանավոր ֆիլմերի համար, այդ թվում՝ Ջեյմս Բոնդի մասին «Երբեք մի ասա երբեք»-ի: Այդ երգը կատարել է Բարբրա Սթրեյզանդը:

 

Սա Լեգրանի ընդամենը երկրորդ այցն է պատմական հայրենիք: Չնայած դրան նա նկատեց, թե Հայաստանը միշտ իր սրտում է և որ ինքը դիտել է Եղեռնի մասին գրեթե բոլոր վավերագրական ֆիլմերը: Մաեստրոն նկատեց նաև, թե երբևէ ցանկություն չի ունեցել երաժշտություն գրել հայկական ֆիլմերի համար, քանի որ համապատասխան առաջարկ չի եղել: Սակայն նա չի բացառում դրա հնարավորությունը: Լեգրանը հատուկ նշեց, որ Հայաստան չէր գա, եթե ֆիլհարմոնիկ նվագախումբը լավ կոլեկտիվ չլիներ:

 

Լեգենդար երաժիշտը պատմեց, որ այժմ էլ բուռն ստեղծագործական կյանքով է ապրում. ավարտել է իր առաջին բալետը, 10 օր առաջ համերգ է տվել Ճապոնիայում, այժմ էլ Երևանում է: Իսկ Հայաստանից վերադառնալուց հետո ձեռնամուխ է լինելու արդեն իր ֆիլմի նկարահանմանը, որը երաժշտաֆիլմ է:

 

Tert.am-ին հայտնի դարձավ, որ վաղը սպասվող համերգին Լեգրանը հանդես է գալու նաև որպես դաշնակահար ու իր գործերի կատարող: Հնչելու են հատվածներ հռչակավոր «Շերբուրյան հովանոցներ»-ից, և ոչ միայն:

 

Աշխարհահռչակ երաժիշտը խոսեց ոչ միայն երաժշտության մասին: Նախ նա անձնականից պատմեց, որ 10 տարի ապրել է հայ պապի հետ, ով ուդ ու սազ էր նվագում և իրեն ցույց էր տվել հայկական մեղեդիների կատարման հմտությունները:

 

Անդրադառնալով Թուրքիային՝ Լեգրանը նկատեց, թե այդ երկիրն իրեն պահում է այնպես, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ը՝ ինքն իրեն համարելով աշխարհի տերը:

 

Վերջում մաեստրոն խոստովանեց, որ Հայաստանից որևէ նվեր կուզեր, օրինակ՝ Սարյանի կտավներից մեկը: Ասաց, թե շատ կցանկանար Սարյան ունենալ իր տանը: