Ֆրունզիկի արձանի տեղը կրկին դատարկ է (լուսանկարներ)
Անցած գիշեր ինչ-որ մարդանց կողմից կրկին կոտրվել է Մհեր Մկրտչյանի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրված կավե արձանի տակառիկը, ինչի պատճառով արձանը կրկին ապամոնտաժվել է։
Առավոտյան Tert.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ արձանի տեղն արդեն դատարկ է։
Նշենք, որ արձանի կոտրելու մասին հայտնի դարձավ ուշ երեկոյան, երբ համացանցում տարածվեցին այդ փաստն արձանագրող լուսանկարներ։
Հիշեցնենք նաև, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ անհրաժեշտություն է լինում արձանն ապամոնտաժել։ Նախորդ անգամ հայտնի կինոպերսոնաժի արձանը, կրկին տակառիկի մասից, կոտրվել էր սեպտեմբերի 27-ին։ Դա ևս տեղի էր ունեցել ուշ երեկոյան։ Տակառիկի կոտրելուն էլ նախորդել էր մի քանի օր առաջ արձանի մատի կոտրելը։
Նման դեպքերից հետո քաղաքապետարանում որոշում ընդունվեց «Մեր մեծերը՝ մեր կողքին» շարքի արձանների հարևանությամբ տեղադրել տեսախցիկներ։
Նշենք նաև, որ արձանների տեղադրումը, թեև սկզբնական շրջանում հիմնականում դրական արձագանք ստացավ մեր համաքաղաքացիների կողմից, այնուամենայնիվ եղան նաև քննադատական խոսքեր։ Օրինակ, արձանների աննպատակահարմարության մասին արտահայտվել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ «Կարող ա՝ լավ նախաձեռնություն է եղել, բայց մեր մեծերին նման ձևով մարդկանց մոտեցնելը... Էդ տեսքով, գեղարվեստական նման ցածր մակարդակով արված»,– ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր նա, ով համաձայն է գնահատականի հետ, որ արձանները, ասես, անձնագրի նկարներից հանված լինեն։
Արձանների հեղինակ քանդակագործ Սուրեն Մելքոնյանի կարծիքով էլ «սա լավագույնն էր, ինչ կարելի էր անել առկա պահանջների պայմաններում»։ «Չգիտեմ, միգուցե բոլորն ավելի մեծ սպասելիքներ ունեին: Սա քաղաքային պատկերազարդում է: Մենք ուզում էինք, որ փոքր-ինչ փոխվեր քաղաքի տեսքը, ու աշխուժություն մտցվեր»,- ասել էր նա։
Նշենք նաև, որ ամենասկզբում տեղադրված Մհեր Մկրտչյանի և նույն հրապարակում տեղադրված Եղիշե Չարենցի արձաններին ավելի ուշ լրացնելու եկան Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի և Տիգրան Պետրոսյանի արձանները։
Հավելենք նաև, որ ըստ հայտարարվածի, բոլոր արձանները որոշ ժամանակ անց տեղափոխվելու են համապատասխան տուն թանգարաններ: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանը:
Ստորև ներկայացնում ենք Tert.am-ի լուսանկարները, որոնցում երևում է արձանի դատարկ նստարանը, ինչպես նաև Panarmenian Photo-ի՝ երեկ երեկոյան արձանագրածը՝ արձանը կոտրված վիճակում և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապամոնտաժելիս։










