Հաճելի է, երբ կարողանում ես ինչ-որ մեկին կյանք տալ. Ռիտա Սարգսյան
Օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցող «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամն այսօր կազմակերպել էր իր հերթական ցուցահանդես վաճառքը, որը տեղի ունեցավ «Մարիոթ» հյուրանոցում:
Ցուցահանդեսին ներկայացված էր թվով 50 նկար, որոնք այնպիսի հայ հայտնի նկարիչների աշխատանքներն էին, ինչպիսիք են՝ Ռոբերտ Էլիբեկյանը, Սարո Կալենցը, Էմիլ Գազազը, Սիփան Շիրազը և ուրիշներ: Ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է երեխաների բուժմանը:
Նշենք, որ անցած տարի նման ցուցահանդեսի արդյունքում հավաքվել էր 100 հազ. ԱՄՆ դոլար:
Երեկույթին ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև մշակույթի մի շարք ականավոր գործիչներ:
Լրագրողների հետ զրույցում տիկին Սարգսյանը նշեց, որ հաճելի է, երբ մարդ զգում է իրեն մասնիկը այն երևույթի, որը կոչվում է բարեգործություն:
«Ի՜նչ հաճելի, երջանիկ պահ է, երբ որ դու կարողանում ես ինչ-որ մեկին երջանկացնել, ինչ-որ մեկին կյանք պարգևել: Տա աստված, որ մենք միշտ լինենք օգնողի կարգավիճակում: Երեխաների այս նկարներում տեսնում եմ ապրելու հույս»,-ասաց նա:
Ցուցահանդեսին, բացի հայտնի նկարիչների աշխատանքներից, ներկայացված էին նաև ապաքինված 12 երեխաների ու նկարիչ Տիգրան Մատուլյանի համատեղ 12 աշխատանքները:
«Հիմնական մասը ես եմ նկարել, իսկ մի փոքրիկ մաս թողել եմ երեխաների համար: Նրանք ազատ են եղել իրենց պատկերացումների մեջ: Նրանք իրենց հեքիաթը միացրին իմ հեքիաթին և մի փոքր մարգարեություն անցավ կտավների վրայով»,– ասաց Տիգրան Մատուլյանը:
«Նրանք օգնեցին վերջացնել իմ նկարը, բայց դրանք իրականում կվերջանան այն ժամանակ, երբ վաճառվեն: Այս բոլոր նկարների վրա երեխաների մատնահետքերն են»,-նշեց նա և ավելացրեց, որ երեխաների մասին խոսելը շատ դժվար է, քանի որ կան բաներ, որոնք պետք է լուռ անել:
«Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է 2009թ-ին ռուսաստանյան համանուն հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել: Հիմնադրամի շնորհիվ մինչ օրս ապաքինվել է 98 երեխա:
Նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն իր հերթին ասաց, որ նկարիչները միշտ երեխաների հետ են լինելու և իրենց գործերը տրամադրելու են նրանց առողջության վերականգման համար:
«Այս նախաձեռնությունը դեռ երկար տարիներ պետք է լինի մեր ցավը և ուրախությունը: Ուրախություն այն պատճառով, որ մեզ միշտ պետք է հաջողվի հավաքել անհրժեշտ գումարը»,- ասաց նա:
Նշենք, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված նկարների արժեքն սկսվում է 200 հազար դրամից և հասնում՝ 2.5 մլն դրամի:










