Մհեր Մկրտչյանի արձանը վերականգնվել է և վերադարձվել իր տեղը

17:27 • 22.10.12

Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի վերջերս տեղադրված գիպսե արձանը վնասվելուց հետո վերանորոգվել և կրկին երևանցիներին է վերադարձվել, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանը: 


Հարցին, թե այս անգամ ինչ էր տեղի ունեցել արձանի հետ, Արթուր Գևորգյանը չկարողացավ պարզաբանել, քանի որ տեսախցիկների տեխնիկական խոտանի պատճառով դեպքի մասին ոչինչ պարզել հնարավոր չի եղել:


«Հստակ չի երևում, թե ինչ է տեղի ունեցել: Սակայն երևում է այնքանով, որ հնարավոր է եղել պարզել, որ այն չի վնասվել ագրեսիայի դրսևորման հետևանքով: Իսկ թե որևէ բան եղել է, որը հնարավոր չի եղել ֆիքսել, արդեն դժվար է որևէ բան ասել»,- ասաց նա:


Արթուր Գևորգյանն ընդգծեց, որ խոտանի պատճառը արձանների մոտ տեղադրված տեսախցիկների անորակությունը չէ, այլ տեսադաշտի փակ լինելը:


Հարցին, թե այսուհետ կարելի է կրկին հույս դնել այդ տեսախցիկների վրա, Արթուր Գևորգյանը պատասխանեց՝ ասելով, որ տեսախցիկների վրա կարելի է հույս դնել, քանի որ «դրանք շատ որակյալ աշխատում են»:


«Ցանկացած տեսախցիկի տեսադաշտը, երբ փակվում ես, այն ոչ մի բան չի կարող նկարահանել: Այն ֆիքսված է ինչ-որ մի տեղում՝ հետևաբար չի կարող տեղաշարժվել ու իրեն հարմար դիրքից նկարել»,-նշեց նա և ևս մեկ անգամ ընդգծեց, որ տեսախցիկի որակի հետ կապված որևէ խնդիր չկա:


Հիշեցնենք, որ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի, գրողներ Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի ու շախմատիստ Տիգրան Պետրոսյանի արձանները Երևանի տարբեր հատվածներում տեղադրվել էին «Մեր մեծերը մեր կողքին» ծրագրի շրջանակում:


Արդեն մի քանի անգամ վերանորոգվել է Մհեր Մկրտչյանի արձանը, Հրանտ Մաթևոսյանի մատը և Տիգրան Պետրոսյանի շախմատը:


Նշենք, որ արձանների շարքը շարունակելի է:


Արթուր Գևորգյանը Tert.am-ին ավելի վաղ տեղեկացրել էր, որ արձանները որոշ ժամանակ անց տեղափոխվելու են տուն-թանգարաններ: