Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի Ավետարանական եկեղեցու համար մայր եկեղեցի է. Ռընե Լևոնյան
«Հավատարիմ՝ ինքնությանը» վավերագրքի շնորհանդեսին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ Ավետարանչական ընկերակցության Եվրասիայի ներկայացուցիչ և Հայաստանի Ավետարանական եկեղեցու նախկին առաջնորդ Ռընե Լևոնյանը, ի պատասխան այն հարցի, թե շարունակո՞ւմ են պնդել, որ քույր եկեղեցիներ են, ասաց. «Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի Ավետարանական եկեղեցու համար մայր եկեղեցի է»։
«Փոխադարձ հարաբերությունները Առաքելական եկեղեցու հետ նայած թե ինչ շրջանում ինչպիսին են. երբեմն դրական է, երբեմն՝ բացասական: Այսօրվա դրությամբ, փառք Աստծո, երկու եկեղեցիների միջև կա փոխադարձ դրական դիալոգ և երթալով ավելի կկայունանա և ապագայում տեսնելու հնարավորություններ կստեղծվեն»,- ասաց նա:
Ռընե Լևոնյանը խոստովանում է՝ Հայաստանի անկախությունից հետո եկեղեցու 17 տարվա գործունեության ընթացքում ինքը մշտապես ստանում է նույն հարցադրումները. հարաբերությունները երկու եկեղեցիների միջև, և թե Հայաստանի Ավետարանական եկեղեցին աղանդավորակա՞ն է, թե՝ ոչ: «Մեր եկեղեցին 160 տարվա պատմություն ունի և վերջին քսան տարին չէ, որ Հայաստանում գործունեություն է ծավալում: Սա մեր պատմական եկեղեցիներից է, և թեպետ կխոնարհվինք մեր մայր եկեղեցու առաջ՝ ժողովրդի կյանքում ունեցած մեծ նշանակության համար, բայց չենք կարող ասել, որ մեկ եկեղեցի կա ու վերջ»,- ասաց նա:
Վերջին շրջանում այն պնդումները, թե եկեղեցին հոգեորսությամբ է զբաղվում Ռընե Լևոնյանը պատասխանեց, որ դա թյուր կարծիք է: Նա դիտարկեց, թե հոգեորսություն կնշանակի, որ իրենք մի եկեղեցու հավատացյալի գողանում են և բերում իրենց եկեղեցի: «Իհարկե դրան դեմ ենք և դրանով չենք զբաղվում»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը կողմ է այն դիտարկմանը, որ աղանդների տարածումը վտանգ է ներկայացնում: «Այո վտանգ է, բայց պետք է հասկանանք, որ Հայաստանը որդեգրել է խղճի ազատության օրենք, որը պարզապես առիթ կտա ինքնուրույն որոշել՝ հավատալ, չհավատալ, կապվել որևէ եկեղեցու հետ, թեկուզ այն բացահայտ շեղված է: Դա ամեն մարդու իրավունք է»,-ասաց նա:
Նախկին առաջնորդը նշեց, որ եթե իրենց եկեղեցին հոգեորսությամբ զբաղվեր, ապա 20 տարվա ընթացքում բարեգործական կազմակերպությունների միջոցով մի քանի հարյուր հազար մարդու օգնություն չէր ցուցաբերի, մինչդեռ այսօր, ըստ նրա, եկեղեցին ունի միայն մի քանի հազար հավատարիմ մարդիկ: «Դա կնշանակի, որ ես շատ վատ աշխատեցի՞: Իհարկե՝ ոչ, քանի որ մենք նման ծրագիր չունենք, և հասկանալի է, որ մենք հանուն Քրիստոսի սիրուն կատարեցինք մեր բարեգործությունները: Մեր մոտ չկա պլանավորված գնալ նման գործողությունների»,- ասաց նա:
Ռընե Լևոնյանը նշեց, որ Հայաստանում անցկացրած 17 տարվա ծառայության ընթացքում իրենց հետևորդների քանակը մի քանի հազար է, որոնք եկեղեցու հավատարիմ անդամներ են, մինչդեռ եկեղեցու հետ ժամանակ առ ժամանակ առնչվողների թիվն, ըստ նրա, 25000-ից 30 000 մարդ է: Ռընե Լևոնյանի խոսքով՝ որպես առաջնորդ իր հեռանալուց հետո, եկեղեցին բավական պատրաստված պատասխանատուներ ունի. « 11 ձեռնադրված, մենք կասենք՝ վերապատվելի հովիվներ և 15-20 օգնականներ»,- ասաց նա և նշեց, որ այսօր եկեղեցու բարեգործական ծրագրերով զբաղվում է Հարութ Ներսիսյանը, իսկ հոգևոր հարցերով՝ Մկրտիչ Մելքոնյանը՝ Ֆրեզնոյից:
Ռընե Լևոնյանը, թեև ասաց, որ փոխանցելիս շատ խորհուրդներ չի տվել, որպեսզի դա չդիտվի որպես ճնշում, բայց նշեց, որ մի քանի պատգամներ, այդուհանդերձ, նրա իսկ խնդրանքով տվել է: «Օգոստոսին, երբ նա ինձ խնդրեց, թե ինչ կասեմ, ասեցի, որ դժվար է, բայց առաջինը վստահ եղիր, որ լավ տեսիլք ունենաս թե ՛Հայաստանի և թե՛ եկեղեցու ապագայի համար: Եթե Հայաստանի ժողովուրդն ընդունի, պետք է տեսնի և հասկանա, որ դու սիրտ ունես, այս ժողովրդի համար: Եվ վերջում, ոչ մի խտրականություն մի դիր մարդկանց մեջ՝ փոքր է, մեծ է, աղքատ է, կրթված է»,- եզրափակեց նա:
Ի դեպ, նա նշեց, որ այժմ ինքը տեղափոխվել է Փարիզ, և նշանակվել Հայ Ավետարանչական ընկերակցության Եվրասիայի ներկայացուցիչ:










