Ռուս տղամարդը «նկարում» է բացառապես չորացած տերևներով ու բույսերով (լուսանկարներ)
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Յուրկովն այն տաղանդավոր արվեստագետներից է, ով բացառիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով միայն բնական հումք՝ չորացած տերևներ ու բույսեր, հայտնում է Oddity Central-ը։
Նրա աշխատանքներն այնպիսի մեծ վարպետությամբ են արված, որ դրանց նայելիս անհնար է գուշակել, որ կտավները ստեղծված են ոչ թե ներկերով, այլ սովորական բույսերով։ Յուրկովը տասնամյակներ շարունակ կատարելագործել է ստեղծագործելու այս մեթոդը և խոստովանում է, որ իր կտավներում երբևէ չի օգտագործել ոչ մատիտ, ոչ էլ ներկ։
Արվեստագետը նաև նշել է, որ նման «խճանկարային» պատկերներ ստանալու համար իրենից մեծ համբերություն, աշխատասիրություն, ուշադրություն և, իհարկե, գույնի զգացողություն է պահանջվում։
Իր նկարներին գերիրական տեսք հաղորդելու համար Յուրկովն ամենայն մանրամասնությամբ պատկերում է ձմեռային ճերմակ տեսարաններ, աշնանային գեղեցիկ բնապատկերներ, տարբեր շինություններ, կենդանիներ, երեխաներ և այլ։
Տղամարդու աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Ռուսաստանի թանգարաններում ու պատկերասրահներում։ Իսկ հայրենի քաղաքում նա ունի իր սեփական թանգարանը, որտեղ ներկայացված են նրա հարյուրավոր աշխատանքները։










