Երևանում մեկնարկում է Popok գովազդի միջազգային 3-րդ փառատոնը
Երևանի քաղաքապետարանի և «Հայկական գովազդային հանրության» նախաձեռնությամբ՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում հոկտեմբերի 25-ից 27-ը կանցկացվի Popok գովազդի միջազգային 3-րդ փառատոնը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը (մեջտեղում) տեղեկացրեց, որ փառատոնը միայն գովազդային չէ՝ քննարկվելու են նաև քաղաքի արտաքին ձևավորման հարցեր ու դրանով է պայմանավորված քաղաքապետարանի մասնակցությունը փառատոնին:
Ըստ Արազ Բաղդասարյանի՝ փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանում։
«Փառատոնին հրավիրված միջազգային մասնագետների հետ կքննարկվեն մեր քաղաքի արտաքին ձևավորման ու քաղաքի բրենդավորման հարցերը»,- ասաց նա և նշեց, որ քննարկումները բաց կլինեն և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել:
Popok երևանյան միջազգային գովազդի փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը (ձախից առաջինը) նշեց, որ փառատոնին այս տարի կմասնակցեն 15 պետությունից ժամանած հեղինակավոր ընկերություններ, հյուրեր և միջազգային ժյուրի: Ըստ նրա, միջազգային ժյուրիի կողմից կանցկացվեն վարպետության դասեր և նաև տարբեր ձևաչափի հանդիպումներ:
«Փառատոնի նպատակը երեքն է. առաջինը՝ կրթել և վարպետության դասերը դրա վկայությունն են, երկրորդը՝ դուրս գալ առկա գովազդային բլոկադայից և քայլել աշխարհի գովազդին համընթաց և երրորդ՝ նպաստել նոր կապերի ամրապնդմանը»,- ասաց նա և ներկայացրեց նախորդ տարիների ձեռքբերումները:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ հայաստանյան բազմաթիվ դիզայներական ընկերություններ փառատոնից հետո արտերկրից պատվերներ են ստանում:
Փառատոնի մրցութային ծրագրի նախկին 6 անվանակարգերին՝ «Ռադիոգովազդ», «Հեռուստագովազդ», «Ինտերնետ գովազդ», «Տպագիր գովազդ», «Մարքեթինգային արդյունավետություն», «Գրաֆիկական դիզայն», այս տարի ավելացել է նաև մեկը՝ «Գիրք» անվանակարգը, որն, ըստ նրա, սահմանվել է Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ:
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը բացատրեց, թե ինչու է փառատոնը կրում Popok անվանումը. ըստ նրա, «Pop»-ը գովազդային տերմին է, ok-ը, մեծ տարածում գտած օտարալեզու բառ է, որ նշանակում է «լավ», իսկ երբ պոպոքը կոտրված վիճակում է միջուկը հիշեցնում է մարդու ուղեղ, որտեղից էլ ծնվում են հետաքրքիր մտքեր ու վերածվում գովազդի:
Երևանի քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ իր հերթին նշեց, որ փառատոնը լավ առիթ է դիզայներների համար, ուստի նա խորհուրդ տվեց բոլոր գովազդային գործակալություններին, գովազդատուներին ակտիվ մասնակցել այս փառատոնին:










