Շուշան Պետրոսյանը կոչ է անում կանգնել «Օսկարի» ներկայացված «Եթե բոլորը...» ֆիլմի կողքին՝ ի հակադրություն ազերիների քարոզչության

21:56 • 23.10.12

«Հանրապետական» խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին կոչ արեց այլևս չհանդուրժել ադրբեջանական կեղծ «պրոպագանդան», մանավանդ երբ հարցը Արցախյան ազատամարտի մասին պատմող ֆիլմի մասին է, և կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Նա մանրամասնեց հարցի էությունը՝ նշելով, որ Բուխարեստում կայացած «Արվեստների փառատոնին» Արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը…» անվանմամբ հայկական ֆիլմն արժանացել է լավագույն դերակատար կոչմանն ու գլխավոր մրցանակին և, ամենկարևորը, հայտնվել է «Օսկար» մրցանակաբաշխության ցուցակի` «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: ԱԺ պատգամավորը նշեց, որ ֆիլմը հաղթահարել է ֆիլմերի ընտրության առաջին փուլը և 250 ֆիլմերի հետ անցել է վերջնական փուլ, որի ընտրությունը տեղի կունենա հունվարի 10-ին:


«Խնդիրը հետևյալն է. Ադրբեջանը բողոքարկել է «Օսկար» կինոփառատոնին «Եթե բոլորը...» ֆիլմում պատմական դեպքերը խեղաթյուրելու համար և նշել, իբր թե իրենց «օկուպացված» տարածքները որպես մերը ներկայացնելու մասին: Բացի այդ, նրանք հայտարարել են, որ անգամ Միքայել Պողոսյանի գրված սցենարը վաղօրոք գրված է եղել ոմն ադրբեջանցի սցենարիստի կողմից և նույնիսկ նշել, թե ՀՀ նախագահն ընդառաջել է ֆիլմի ստեղծմանը»,- բացատրեց երգչուհի պատգամավորը:


Նա համեմատական դիտարկում արեց. «Մինչ իրենց նախագահը ընդառաջում է կացնահարողին, մեր նախագահը ֆիլմի ստեղծմանը»:


Այնուհետև նշեց, որ Ադրբեջանի համար ձեռագիրը նույնն է, իսկ մենք այլևս իրավունք չունենք լինել անտարբեր:

«Եկեք միասին զբաղվենք այս ֆիլմի ճակատագրով: Ձեռնարկենք կոնկրետ քայլեր այս ֆիլմի ապագայի համար, ի վերջո «Օսկարի» ներկայացված է հայկական ֆիլմ, այն էլ այսքան փուլեր հաղթահարած, այն էլ Արցախյան մեզ համար այդքան թանկ ազատամարտի թեմայով»,- ասաց նա:


Ըստ նրա, ազերիների կողմից սա բացահայտ քաղաքականության վարում է. «Շատ կարևոր մի բան, որ մենք չունենք, հիմնված է թյուր փաստերի վրա, միևնույնն է աշխատում է: Սա մեր արժանապատվության հարցն է, և մեր հանդարտությունը և լռությունը անթույլատրելի է: Անկախ կուսակցական պատկանելիությունից, որոշենք մի բան անենք, թեկուզ նամակ գրենք ակադեմիային, և ուղղակի կանգնած լինենք այս հրաշալի ստեղծագործական թիմի կողքին»,- իր խոսքը եզրափակեց նա: