Թուրքիայում փորձում են խոչընդոտել Դերսիմի ցեղասպանության հուշարձանի կառուցմանը
1937-38թթ.-ին տեղի ունեցած Դերսիմի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շինարարությունը դադարեցվել է՝ նահանգապետարանի պահանջով։
Մազկերտի քաղաքապետ Թեքին Թուրքիլը հայտարարել է, թե ամեն ինչ անելու է մինչև նոյեմբերի 17-ը հուշարձանը բացելու համար։
Քըրքլար լեռը, որի մոտակայքում կառուցվում է հուշարձանը, պատահական չի ընտրվել։
«1938թ.-ին շրջակա գյուղերից բազմաթիվ երիտասարդներ, ծերեր, կանայք, տղամարդիկ, երեխաներ, հարյուրավոր մարդիկ հենց այդ վայրում են գնդակահարվել։ Այստեղ են նրանց ոսկորները»,-ասել է Թուրքիլը։
Նա նշել է, որ նույնը տեղի է ունեցել Դերսիմի բազմաթիվ վայրերում, սակայն Քըրքլար լեռը հուշարձանի համար լավագույն վայրն էր։
Հուշարձանը կառուցելու ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել, սակայն այժմ, երբ այն գրեթե պատրաստ է, նահանգապետարանը ցանկանում է դադարեցնել շինարարությունը՝ պատճառաբանությամբ, թե այն առանց թույլտվության է կառուցվում, այն էլ՝ պետությանը պատկանող հողատարածքում։
Քաղաքապետը, սակայն, չի ընդունում այդ որոշումը։ «Երբ մեր պապերին այստեղ գնդակահարում էին, ոչ մեկ չփորձեց պաշտպանել նրանց իրավունքները։ Այս հողերը մեր պապերինն են, և այդ հուշարձանը 2012թ.-ի նոյեմբերի 17-ին պետք է պատրաստ լինի»,-ասել է նա։










