Մինասի «Հայկական հովվերգություն»-ը տեղափոխվել է Գյումրիի քաղաքապետարան (տեսանյու)

21:35 • 24.10.12

Այսօր երեկոյան հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» վերականգնված որմնանկարը տեղափոխվել է Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ, հաղորդում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը:


Ըստ Կենտրոնի տարածած հաղորդագրության կառավարությունը որոշում էր կայացրել «Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները»:


Նախորդ ամիսներին որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնող «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավարությունը բազմիցս բողոքում էր, որ Գյումրու քաղաքապետարանի կողմից չեն տրամադրվում կնքված պայմանագրով նախատեսված գումարները:


«Բարեբախտաբար, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը տրամադրել է որմնանկարի վերականգնման և տեղափոխման անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական միջոցները, և այսօր նրա անմիջական մասնակցությամբ ու Գյումրու փրկարարական ծառայության մասնագետների ջանքերով «Հայկական հովվերգությունը» 3 մասով տեղափոխվեց ուր որ նախատեսված էր»,– ասվում է հաղորդագրությունում:


Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, վերականգնման ավարտական աշխատանքները տեղում իրականացնելուց հետո, որմնանկարը կդառնա Գյումրու ամենակարևոր այցեքարտերից մեկը:


«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում ներկայացված են դրվագներ, Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» վերականգնված որմնանկարի 1-ին հատվածի, Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխման աշխատանքներից` առանց մեկնաբանության: