Սահմանամերձ 2 գյուղի դպրոցների գրադարանները համալրվել են նոր գրքերով (լուսանկարներ)
Տավուշի մարզի սահմանամերձ` Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար, գյուղերի դպրոցների գրադարաններն այսօր համալրվեցին 150-ական գրքերով:
Բլոգեր Կարեն Վրթանեսյանը՝ արմատներով Ներքին Կարմիրաղբյուրից, լրագրող Գոհար Աբրահամյանից տեղեկանալով սահմանամերձ գյուղի գրադարանների ներկայիս վիճակի մասին, դեռևս սեպտեմբերի սկզբին էր նախաձեռնել գրքահավաք:
Tert.am-ի հետ զրույցում Գոհար Աբրահամյանը տեղեկացրեց, որ նախաձեռնության ընթացքում գրքեր են տրամադրել «Կենսագիրների ակումբի» նախագահ Հարություն Մինասյանը, «ԱրմենՏել» ընկերությունը և մի շարք քաղաքացիներ:
«Բոլոր գրքերը ծրագրային գեղարվեստական գրականություն են: Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի գրադարանը տուժել է պատերազմից և այստեղ կիսավեր վիճակ է: Գրքեր գրեթե չկան, եղածն էլ մաշված է: Անգամ չկար Րաֆֆու «Սամվելը» կամ Շիրվանզադեի «Քաոսը»»,– ասաց նա:
«Այգեպարում վիճակը ավելի բարվոք էր: Ընդհանուր առմամբ կար 3000 գիրք, սակայն մեծ մասը Լենինի կամ մարքսիզմի մասին գրքեր էին: Գրադարանավարուհու խոսքով, եթե դրանք հանեն կմնա 1000 գիրք, որոնց մեջ մանկական գրականության թիվը շատ փոքր է»,- նշեց Գոհար Աբրահամյանը և ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում դասագրքերին. դրանցով դպրոցներն ապահովված են:
Լրագրողը նաև ասաց, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի երեխաները մեծ ոգևորությամբ էին եկել իրենց դիմավորելու, և արդեն այսօր գրքեր են վերցրել՝ կարդալու:
Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում սովորում է 120 աշակերտ, իսկ Այգեպարում՝ 56:










