Բոլորը տուժածները հսկողության տակ են և չի բացառվում, որ վիրահատական միջամտություն արվի. ավագ ռեանիմատոլոգ
Մայրաքաղաքի Խանջյան 20 հասցեի կողքին կիսակառույցի փլուզման հետևանքով հիվանդանոցում հայտնված բանվորներից և ոչ մեկը դեռևս չի վիրահատվել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ավագ ռեանիմատոլոգ Սամվել Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին հիվանդանոցում են գտնվում 9 տուժածներ, որոնցից 2-ի վիճակը ծանր է գնահատվում, իսկ մյուսներինը՝ միջին:
«Առայժմ հիվանդներից ոչ մեկը չի վիրահատվել, կատարվում է կոնսերվատիվ բուժում: Բոլորը հսկողության տակ են և չի բացառվում, որ վիրահատական միջամտություն արվի: Այսօր հիվանդները կմնան ռեանիմացիոն բաժանմունքում, իսկ վաղվանից՝ կախված առողջական վիճակից, կտեղափոխվեն հիվանդասենյակներ»,- ասաց նա:
Վերակենդանացման բաժանմունքի մոտ էին հավաքվել նաև տուժածների հարազատները, որոնք փորձում էին տեղեկություն ստանալ իրենց հարազատների առողջական վիճակի մասին: Նրանք հիմնականում չցանկացան մեզ հետ խոսել՝ տրամադրություն չունենալու պատճառաբանությամբ:
Բանվորներից մեկի կինը, ով չցանկացավ ոչ ներկայանալ և ոչ էլ ասել, թե ում կինն է, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ռադիոյից է լսել շենքի փլուզման մասին և շտապել հիվանդանոց:
«Չեն թողնում ներս մտնենք, տեսնենք, թե ոնց են, բայց ասում են, որ ամուսինս կոտրվածք չունի, բայց մեջքն է ցավում: Խոստացել են հեռախոս թույլ տան փոխանցենք իրեն, գոնե էդպես իմանանք ոնց ա»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ամուսինը երբևէ որևէ բան խոսել է շենքի թերությունների մասին, նա պատասխանեց. «Չէ, ոչ մի բան չի ասել: Մի 4 ամիս է, որ էդտեղ էր աշխատում ու արդեն մի շաբաթ էր շինարարություն չէր գնում ու աշխատանքի չէին գնում: Էսօր զանգեցին կանչեցին ու սենց եղավ»,- ասաց կինը:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ փլուզման հետևանքով 11 հոգի ստացել է մարմնական վնասվածքներ, որոնից 2-ը՝ ծանր: Նրանցից 2-ին էլ բուժօգնություն էր ցուցաբերվել հենց շինհրապարակում:










