ԱՄՆ-ն կվերահսկի հրադադարի պահպանումը և կշարունակի կազմակերպել իշխանափոխությունը Սիրիայում
ԱՄՆ-ն ուշադրությամբ կհետևի իսլամական 4-օրյա տոնին սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Մենք ուշադրությամբ կվերահսկենք իրավիճակը և կողմերին կոչ ենք անում չսահմանափակվել խոսքերով և հայտարարություններով, այլ վճռականություն ցուցաբերել և իրականացնել հրադադարի համաձայնությունները», - այսօր հայտարարել է Նուլանդը:
Միևնույն ժամանակ նա նշել է Սիրիայում բռնության աճը:
«Կարծում եմ, մենք բոլորս համաձայն ենք նրա հետ, որ Սիրիայում տեղի է ունենում բռնության շիկացում: Բայց եթե մենք կարողանանք հասնել հրադադարի համաձայնության կատարման, ապա մենք հնարավորություն կունենանք հետագա աշխատանք տանել իշխանության փոխանցման ուղղությամբ: Մենք նաև կշարունակենք աշխատել սիրիական ընդդիմության հետ երկրում իշխանափոխության իրենց նախագծի վրա», - ասել է Նուլանդը:
Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադար հաստատելու կոչով հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Հրադադարի նախաձեռնությամբ զբաղվող` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, Թեհրանում, Կահիրեում և Դամասկոսում բանակցություններից հետո, ՄԱԿ-ին զեկուցել էր, որ հիմնական հակամարտող կողմերը՝ իշխանությունները և «ապստամբների հիմնական առաջնորդները», համաձայնել են հրադադարին:










