Թբիլիսիում անօթևան ցուցարարները գրավել են քաղաքապետարանը
Հոկտեմբերի 25-ին մոտ 100 սոցիալապես անապահով մարդիկ ներխուժել են Թբիլիսիի քաղաքապետարան, հաղորդում է Грузия Online-ը:
Նրանք պահանջում են, որ իրենց բնակարաններ տրամադրվեն նորակառույց շենքերում:
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան սկսվել է կեսօրին: Շենքի մոտ հավաքվել է ամբոխը, որը պահանջել է նոր շենքերում բնակարաններ: Ցուցարարները նաև արգելափակել են ավտոճանապարհը:
Քաղաքային սոցծառայության ղեկավար Մամուկա Կացարավան հայտարարել է, որ բնակարանները արդեն բաշխվել են և քաղաքապետարանը դրա վրա չի կարող ներազդել:
Մի քանի ժամ ցույցից հետո մասնակիցները ներխուժել են քաղաքապետարանի շենք և տեղաբաշխվել երկրորդ հարկում: Շենքի պահպանությունը նրանք պարզապես «ճզմել են» և ներխուժել:
Շենքը զբաղեցրած մարդիկ հայտարարում են, որ իրենք ապրելու տեղ չունեն և չեն լքի քաղաքապետարանը, քանի դեռ իրենց բնակարաններ չեն տրամադրվել:










