ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սիրիայի իշխանությունների հրադադարի մասին հայտարարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Սիրիայի իշխանությունների կողմից իսլամական տոնին կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության մասին հայտարարությունը, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի հայտարարությանը:
«Տսնենք, թե ինչ կլինի այնտեղ ուրբաթ», - նշել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Նեսիրկիի խոսքով, կարևոր է, որ բոլոր կողմերը` և՜ իշխանությունները և՜ զինված ընդդիմությունը, հայտարարեն Սիրիայում հրադադարի մասին:
Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադար հաստատելու կոչով հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ուբաթ օրը մեկնարկող իսլամական Զոհաբերության տոնի առիթով հրադադար հաստատելու ՄԱԿ-ի նախաձեռնությամբ զբաղվել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
Այդ նպատակով նա բազմաթիվ բանակցուրթյուններ էր անցկացրել, որոնց եզրափակիչ հատվածում նաև Դամասկոս էր ժամանել, ինչից հետո հայտնել էր, որ հիմնական հակամարտող կողմերը՝ իշխանությունները և «ապստամբների հիմնական առաջնորդները», համաձայնել են հրադադարին:










