Չինաստանն արգելափակել է New York Times-ի կայքը՝ վարչապետի հարստության մասին հոդվածի հրապարակումից հետո

12:55 • 26.10.12

Ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթի կայքն ուրբաթ անհասանելի է Չինաստանի բնակիչների համար, հայտնում է newsru.com-ը։


Ինչպես պարզվել է՝ երկրի իշխանություններն արգելափակել են այն։ Սկզբում փակվել է կայքի չինարեն, այնուհետ անգլերեն էջը, հայտնում է պարբերականը։

 

Կայքի արգելափակման պատճառը, ըստ լրագրողների, դարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ)  վարչապետ Վեն Ցզյաբաոյի ընտանեկան հարստության մասին տվյալների հրապարակումը, իսկ ավելի ստույգ՝ բարձր պաշտոնը զբաղեցնելու տարիներին կարողության զգալի աճը։

 

Ըստ պարբերականի տվյալների՝ 1990-ական թթ. վերջին, երբ Ցզյաբաոն ընդգրկվեց երկրի իշխող էլիտայի կազմում, նրա հարազատները, ներառյալ՝ որդին, դուստրը և երկու եղբայրները, հարստացել են 2.7 մլրդ դոլարով։ Ընդ որում՝ միայն վարչապետի 90-ամյա մայրը, համաձայն ֆինանսական փաստաթղթերի, 120 մլն դոլար կարողություն ունի։


The New York Times-ում հույս ունեն, որ կայքը շուտով հասանելի կդառնա։