Huffington Post. Ղարաբաղյան հակամարտության համար 7 դաս՝ Կարիբյան ճգնաժամից
Հարվարդի համալսարանի Բելֆերի կենտրոնի ավագ փորձագետ Սիմոն Սարաջյանը Huffington Post-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և 1962թ.-ին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև տեղի ունեցած Կարիբյան հրթիռային ճգնաժամի (Կուբայի ճգնաժամ) նմանություններին և տարբերություններին։ Նա առաջարկել է դասեր քաղել խաղաղ լուծում ստացած երկու գերտերությունների միջև եղած ճգնաժամից։
«Իհարկե, այս երկու հակամարտությունների միջև խորը հակասություն կա, մասնավորապես այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի զինանոցներում միջուկային զենք չկա։ Բայց կան բազմաթիվ դասեր, որոնք ԼՂ հակամարտող կողմերի համար կարող են դաս լինել 1962թ.-ի ճգնաժամից»,-գրում է հեղինակը։
1. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է վերանայեն իրենց զինված ուժերը՝ չնախատեսված գործընթացներից խուսափելու համար, որը կարող է հակամարտությունը վերափոխել պատերազմի։ 1962թ.-ի ճգնաժամի ընթացքում մի շարք նման գործընթացներ տեղի ունեցան, որոնք ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին կարող էին հանգեցնել պատերազմի, օրինակ՝ ռազմական ավիացիան միջուկային հրթիռներով զինելն ու հրամանատարներին արտոնելը՝ դրանք կիրառել առանց երկրի ղեկավարի թույլտվության, եթե ենթարկվեն հարձակման և կապը վերադասի հետ ընդհատվի։
2. ԼՂ հակամարտող կողմերը պետք է հիշեն, որ հարաբերությունների սրումը կարող է ձեռք բերել սեփական տրամաբանությունը։ Երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին հրամայեց ներխուժել Կուբա, Խորհրդային Միությունը կարող էր պատասխանել՝ հարվածելով Թուրքիայում գտնվող ԱՄՆ հրթիռներին, դրանով իսկ հասցնելով հակամարտությունը միջուկային պատերազմի. համաձայն Գրահամ Ալիսոնի՝ 1962թ.-ի ճգնաժամն ուսումնասիրած լավագույն գիտնականներից մեկի։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է ուշադրություն դարձնեն ռազմավարական խաղերին, որոնք կարող են հանգեցնել վատագույն սցենարների։
3. Երևանի և Բաքվի միջև պետք է ուղիղ կապ լինի։1962թ.-ի հոկտեմբերին Քենեդին և ԽՍՀՄ քարտուղար Նիկիտա Խրուշչովը բազմաթիվ կարևոր որոշումներ ընդունեցին, որոնցով պետք է չափեին դիմացինի ռեակցիան, սակայն նրանք ուղիղ շփման հնարավորություն չունեին։
Այժմ, հրապարակայնորեն Բաքվի և Երևանի միջև ուղիղ կապ չկա, այսինքն՝ առաջնորդները ևս հնարավորություն չունեն ուղիղ և անկեղծ շփվելու, դա պետք է շտկվի։
4. Ոչ ադրբեջանական, ոչ հայկական կողմը պետք է հույս չունենա, թե հակառակորդը կընկրկի։ Խրուշչովը գիտեր Ամերիկայի գերակայությունը միջուկային զենքի ռազմավարության հարցում և հետ քաշվեց, երբ Կուբայի ճգնաժամը հասել էր գագաթնակետին։
Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկը ռազմական գերազանցություն չունի և, հետևաբար, չպետք է հույս ունենա, որ հակառակորդը հետ կքաշվի՝ հակամարտության շիկացման դեպքում։
5. Երկու կողմերն էլ պետք է խուսափեն հակառակորդին փակուղի մտցնելուց։ Այն, որ Խրուշչովն ընկրկեց ճգնաժամի ընթացքում, մասամբ արդյունք էր Քենեդիի քաղաքականության, ով ճնշում էր գործադրում՝ թողնելով «փրկարար ելք»։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է ոչ միայն կենտրոնանան իրենց այն քայլերի վրա, որով կկարողանան փակուղի մտցնել հակառակորդին, այլ նաև՝ ինչպես պետք է խուսափել փակուղուց։
6. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է հաշվի առնեն հիմնական շահագրգիռ կողմերի ռեակցիան, ինչպես ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն ստիպված եղան հաշվի առնել իրենց դաշնակիցներին՝ 1962թ.-ի հոկտեմբերին։
7. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է խուսափեն արկածախնդիր քայլերից։ Կուբայում միջուկային հրթիռներ տեղակայելու Խրուշչովի որոշումը վատ էր պլանավորված, և դրա տապալումը նպաստեց 1964թ.-ին Խրուշչովի տապալմանը։
Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պետք է խուսափեն արկածախնդրությունից՝ հիշելով, որ դա կարող է հանգեցնել ոչ միայն տապալման, այլև աղետաբեր հետևանքներ ունենալ իրենց երկրների համար։
Ղարաբաղյան նոր պատերազմը կարող է ավելի աղետաբեր լինել, քան 20 տարի առաջ։ Կողմերի ձեռք բերած որոշ զինատեսակներ կարող են կործանարար լինել այդ փոքր ազգերի համար, ինչպես 1962 թ.-ի ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև միջուկային պատերազմը կարող էր ազդել Ամերիկայի և ԽՍՀՄ-ի քաղաքացիների վրա։
Կուբայի հրթիռային ճգնաժամի դասերը կարող են օգնել ԼՂ հակամարտող կողմերին խուսափել «պատահական» կործանիչ պատերազմից, եթե, իհարկե, նրանք ցանկանում են խուսափել դրանից։










