Խոնավ տնակներում բնակվելու պատճառով գյումրեցիները հիվանդություններ են ձեռք բերել (տեսանյութ)
Գյումրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ իրենց ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տվել, որ ավելի քան 2 տասնամյակ Գյումրու խոնավ և ցուրտ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներից գրեթե յուրաքանչյուրում քրոնիկական որևէ հիվանդությամբ տառապող անձ կա:
««Շիրակ կենտրոնի» տեսանյութերից, թեև կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ և անօթևան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ տեսանյութերից զգալ, դրա համար պետք է երբևիցե այցելել այդ տնակները»,– ասվում է Կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Այդպիսի պայմաներում է ապրում նաև քույր ու եղբայր Ժամակոչյանների ընտանիքը: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութ պատրաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով հերթական այցելություն են կատարել նրանց ընտանիքին:
Միայնակ մայր Արփենիկը հաշմանդամ է, իսկ նրա որդին` 17-ամյա Տիգրանը, որին հաջորդ տարի զորակոչելու են զինվորական ծառայության, խոնավ պայմաններում երկարատև բնակվելու պատճառով մշտապես հիվանդ է:
Այս ընտանիքը, ի տարբերություն նման պայմաններում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների, այս տարի «Մուշ-2» նորակառույց թաղամասում ստացել է 2-սենյականոց բնակարան, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել էր 3-սենյականոց: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նրանց մեկ սենյակը կրճատվել է ընտանիքի անդամների թվի պակասելու պատճառով, ասվում է հաղորդագրությունում:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:










