Ռուս ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ռուս ընդդիմադիր, «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ Ուդալցովը հարցաքննվել էր որպես կասկածյալ, սակայն իրեն ուղղված մեղադրանքը չէր ընդունել։
Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքով՝ Ուդալցովի խափանման միջոցը չի փոխվի. նա ազատության մեջ կմնա՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։
Ուդալցովի, նրա օգնական Կոնստանտին Լեբեդևի և ընդդիմադիր Լեոնիդ Ռազվոզժաևի դեմ քրեական գործը հարուցվել էր НТВ հեռուստաընկերության եթերում «Բողոքի անատոմիա 2» ֆիլմի ցուցադրությունից հետո։
Աղմկահարույց ֆիլմի հեղինակները պնդում են, որ ընդդիմությունը պատրաստվում էր ուժի գործադրմամբ գրավել իշխանությունը՝ արտասահմանից ուղարկված գումարների հաշվին։










