Հալեպի հայկական թաղամասերը համեմատաբար հանդարտ են, բայց դիպուկահարների վտանգը չի վերացել. Ժ.Ռեյիսյան
Հալեպի կենտրոնական թաղամասերն անցնող օրերին համեմատաբար հանդարտ են եղել, չնայած Սիրիայում հայտարարված հրադադարից ընդամենը ժամեր անց գրանցված խախտումներին։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը։
Նա նշեց, որ համաիսլամական տոնի ընթացքում փողոցները գրեթե դատարկ էին։ «Բնականաբար, այս պայմաններու տակ կբացակայեին տոնական մթնոլորտն ու տրամադրությունները՝ հակառակ շատերու մոտ ապագայի նկատմամբ լավատեսության փոքր նշույլներու»,-ասաց նա։
Անցնող օրերին թեև հայկական թաղամասերը հանդարտ են եղել, սակայն դիպուկահարները շարունակում են վախի մեջ պահել որոշ փողոցների բնակիչներին։
«Նոր գյուղի դիպուկահարի վտանգը դեռ կա՝ մանավանդ հայկական ճեմարանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո փողոցը»,-ասաց Ժիրայր Ռեյիսյանը։
Թաղամասի բնակիչները վտանգավոր փողոցներում փորձում են լայն վարագույրներ կախել՝ դիպուկահարի տեսադաշտը հնարավորինս փակելու և պաշտպանվելու նպատակով։
Ինչպես նախատոնական, այնպես էլ տոնական օրերին սրվել էին բախումները քրդերի և ընդդիմադիր զորքերի միջև։
Tert.am-ի հալեպաբնակ աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն բավական երկար ժամանակ է քաղաքի քրդական, ինչպես նաև Հալեպի մերձակա քրդական բնակավայրերում քրդական դրոշներ են կախված, իսկ թաղամասի մուտքը հսկում են քուրդ զինյալները։ Թեև քրդերը փորձում էին ամեն ինչ անել՝ հնարավորինս չեզոք երևալու համար, սակայն ամեն ինչ արվում է՝ նրանց ևս հակամարտության կողմ դարձնելու համար։










