Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրված վրաց օդաչուն խոստովանել է, որ ցուցմունքներ է տվել ճնշման տակ

13:13 • 29.10.12

Վրաստանի Ռազմաօդային ուժերի նախկին օդաչու Գաբրիել Ուստալիշվիլին, ով 2010թ. հոկտեմբերին ձերբակալվել էր «Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով» և պայմանական ժամկետով ազատ էր արձակվել ամիսներ անց, հայտարարել է, որ «այն ժամանակ խոստովանական ցուցմունքներ է տվել քննիչների ճնշման ներքո»։
Այս մասին,  ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, նա ասել է վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

«Այդ գործով ձերբակալվածների նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել, եղել են սպառնալիքներ, որոշ մարդիկ դիմակայել են, որոշներն էլ՝ ոչ»,- ասել է Ուստալիշվիլին։

Նա խոստովանել է, որ «իր կյանքում առաջին անգամ վախեցել է, չի իմացել ինչպես իրեն դրսևորել և ինչ անել»։

«Քննչական մարմինների աշխատակիցներն ինձ ասում էին, որ եթե չխոստովանեմ, վատ կլինի։ Ես արդեն գիտեի, թե դա ինչ է նշանակում, քանի որ 4 օր գտնվել եմ կարանտինում, տեսել և լսել եմ ինչ են արել մյուս կալանավորների հետ, այդ պատճառով տվել եմ խոստովանական ցուցմունքներ»,- ասել է Ուստալիշվիլին։

 

Նա հայտարարել է, որ «պատրաստ է տալ նոր, իրական ցուցմունքներ, որպեսզի կալանքից ազատի նույնպես լրտեսության մեջ մեղադրված մյուս 5 օդաչուներին»։
 

2010թ.-ի հոկտեմբերին Վրաստանի ՆԳ նախարարությունը ձերկալալել էր երկրի 9 և ՌԴ 4 քաղաքացիների։ Վրաստանի քաղաքացիներից 6-ը երկրի ՌՕՈՒ օդաչուներ են եղել։