Ճկույթը կտրած դատապարտյալը՝ 2 մեղադրյալների հետ միասին, շարունակում է հոկտեմբերի 22-ից սկսած հացադուլը

17:18 • 29.10.12

«Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունում դատապարտյալ Կարեն Թառոյանը՝ ով ճկույթն էր կտրել, և մեղադրյալներ՝ Վարդան Դեմիրճյանն ու Արթուր Խաչատրյանը շարունակում են հացադուլը, որը սկսել էին հոկտեմբերի 22-ից:


Նրանցից դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հոկտեմբերի 26-ին դադարեցրել է հացադուլը. այս մասին Tert.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Ըստ նրա՝ հացադուլավորները նույն խցում են և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:


Հիշեցնենք, որ Սերոբ Մխիթարյանը և Արթուր Խաչատրյանը հացադուլից առաջ կարել էին իրենց բերանները: Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ երկուսն էլ քանդել են կարերը: Մամուլի խոսնակը նաև նշեց, որ վերջիններիս պահանջները իրենք չեն քննարկում, քանի որ նրանց բողոքը դատարանների վիճռների դեմ է: «Իրենք քրեական գործերից են բողոքում, և մենք կապ չունենք»,- ասաց նա:

 

Հիշեցնենք նաև, որ հացադուլավորները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին երեք դիմում են փոխանցել: Նրանցից ճկույթը կտրած դատապարտյալ Կարեն Թառոյանը, ով այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, պաշտպանին ուղարկված դիմումի մեջ խնդրել է միջամտել իրեն տեղափոխել «Սևան» կամ «Հրազդան» ՔՀԿ-ներից որևէ մեկը, քանի որ նրա ընտանիքը (կինը և անչափահաս երեխան) գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և չեն կարող տեսակցել վերջինս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:


Մեղադրյալ Վարդան Դեմիրճյանը դիմումում նշել է որ տառապում է հոգեկան հիվանդությամբ, և խնդրում է պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց կամ տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերեն: Իսկ դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը, ով դադարեցրել է հացադուլը, խնդրել է պաշտպանի միջամտությունը այլ խուց տեղափոխելու հարցում, քանի որ վերջինս վախենում է, որ այն խցում, որտեղ կրում է իր պատիժը` իրեն վտանգ է սպառնում:


Ի դեպ, Գոռ Ղլեչյանը նշեց, որ հացադուլը դադարեցրած Սերոբ Մխիթարյանի խնդրանքը հաշվի են առել և տեղափոխել են այլ խուց: