«Հրազդան» ՔԿՀ–ում բանտարկյալն ի նշան բողոքի կարել է աչքերը

19:31 • 29.10.12

Ռադիոլրագրող Զարուհի Մեջլումյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տարածել է բլոգեր Արման Սուլեյմանյանի նյութն այն մասին, որ այսօր «Հրազդան» ՔԿՀ-ում բանտարկյալ Հայկ Գալստյանը հայտարարել է հացադուլ՝ կարելով աչքերը:


«Պատճառը քրեակատարողական վարչության բարձրաստիճան աշխատակիցների վերաբերմունքն է: Ես իմ դիմումում մանրամասները չեմ ներկայացնում, ուղղակի մի բան եմ հասկանում, որ ՀՀ նախագահի կողմից կա ցուցում՝ հրատապ կերպով ինձ տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ»,– գրել է բանտարկյալը:


«Սակայն այցելում են «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցներ և ժամկետ են դնում, որ երկու ամիս համբերեմ»,- նշել է նա՝ հավելելով, որ «դուրս է գալիս, որ Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը չի անցնում»:


Հայտարարված հացադուլը բանտարկյալը չի դադարեցնի մինչև չտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:
Բանտարկյալը հրաժարվում է բոլոր տեսակի ընդունելություններից, ինչպես ՔԿՀ-ի աշխատակիցների, այնպես էլ Արդարադատության նախարարության կողմից, քանի որ երկու կառույցն էլ, ըստ նրա, «մեկ ձեռք են»:
Հայկ Գալստյանը կընդունի միայն նախագահի կողմից կազմված հանձնախմբին:

Զ. Մեջլումյանը գրառել է. «Որևէ մեկը պաշտոնյաներից գնացե՞լ ա, թե բոլոր բողոքի ձևերն են արժեզրկված Հայաստանում»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Tert.am–ի հետ զրույցում խոստացավ ներկայացնել պարզաբանումներ Հայկ Գալստյանի գործով, սակայն քանի որ աշխատանքային օրն ավարտվում էր, հնարավոր է՝ դրանք ներկայացվեն վաղը:


Ինչ վերաբերում է մեկնաբանությանը, որ Կարեն Թառոյանն իր մատը կտրել է, քանի որ նրան չէին թույլատրել հեռախոսով խոսել աղջկա հետ, նա ասաց հետևյալը. «Մենք արդեն ներկայացրել էինք, որ Կարեն Թառոյանը իր մատը կտրել էր կնոջ հետ վիճելու պատճառով»,-ասաց Գոռ Ղլեչյանը:

Նա, ի դեպ, չթաքցրեց, որ կալանավորի ինքնախեղման փաստով հարուցված քրեական գործով նախաքննությունը փորձում է պարզել նաև, թե ինչ եղանակով է կալանավորը իր ճկույթը ՔԿՀ-ից դուրս հանել: