Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլիին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին։
Ինչպես տեղեկացնում է newsgeorgia.ru-ն, ուղերձն Իվանիշվիլիին է հանձնել Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլադը։
Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրել է դիվանագետը, Օբաման Իվանիշվիլիին հաջողություններ է մաղթել երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում։
Նորլադը նաև հույս է հայտնել, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակվի, և Միացյալ Նահանգներն ապագայում ևս կսատարի Վրաստանի ձգտմանը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
Վրաստանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում Իվանիշվիլիի թեկնածությունը հաստատել էր հոկտեմբերի 25-ին։ Նույն օրն Իվանիշվիլին Քութաիսիում անցկացրել էր նախարարների նոր կաբինետի նիստը, որի ընթացքում քննարկել էր տարբեր կարևորության հարցեր։










